Բաժանված. Դավիթ Պետրոսյան, 33 տարեկան
Ցավի ու տառապանքի տարի սկսվեց 33-ամյա Լիլիթ Դալալոյանի համար, երբ ժամը 10-ին հնչած հեռախոսազանգը վերջինն էր իր ամուսնու` Դավիթ Պետրոսյանի, մասին: Այրին հիշում է, թե ինչպես գիշերով ստիպված էր գնալ ամուսնուն փնտրելու, որն ասել էր, թե տուն է վերադառնում: Մի ժամ անց, տեսնելով, որ նա չի գալիս, Լիլիթը 13-ամյա որդու` Վարուժանի հետ տաքսի է նստում և գնում փնտրելու... Երևանի կենտրոնում` Կիևյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, նրանց սթափեցնում են զինվորական մեքենաներն ու ոստիկանները, և չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջը, նրա անհանգստությունն ավելի է սաստկանում: «Մի պահ ուշքի եկա, մտածեցի` երեխայիս հետս չտանեմ: Զանգեցի քեռուս աղջկան, ու երբ նա խնդրելով ասեց` Լիլիթ, դու էլ կգաս մեր տուն, անհանգստացա, բայց չխառնվեցի, հարցրի` Դավիթին բան ա եղել, ասեց` չէ, ոտքին դուբինկայով խփել են»: Քեռու տուն հասնելով` Լիլիթն իմանում է ճշմարտությունը. ամուսնուն հիվանդանոց էին տարել, իսկ վնասվածքը հրազենային էր: «Քեռուս աղջկա ամուսինը մեզ տարավ հիվանդանոց, ասի` ինձ տարեք Դավիթիս մոտ: Կես ժամ սպասացրին առաջին հարկում, չգիտեին, թե ոնց հաղորդեն Դավիթի մահվան մասին: Սիրտս կանգնում էր, խելագարված դես ու դեն էի գնում, մինչև մի աղջիկ եկավ, բարձրացանք վերև: Բժիշկները հերթով մտան սենյակ, դուռը փակեցին, ասացին` երիկամն ենք վիրահատել, ես էլ թե` ես պատրաստ եմ դոնոր լինել, իմ երիկամը վերցրե՛ք, շուտ արե՛ք: Գլխով բացասական նշան արեցին, նայեցի բժիշկներից մեկի աչքերի մեջ` Դավիթս էլ չկա՞, գլխով արեց... աչքերիս առաջ սևացավ...» Դավիթի կնոջ` Լիլիթի խոսքերով` նա հայտնվել էր իրադարձությունների կենտրոնում` աշխատանքից տուն գալիս: Խորենացու փողոցում` ոսկու շուկայում, ոսկերիչ էր աշխատում: Սովորականի պես ոտքով գալիս էր Մաշտոցի պողոտա, որտեղից այդ ուշ ժամին ավելի շատ երթուղային տաքսիներ էին գնում իրենց տան մոտ: Ամուսնու լուսանկարներով շրջապատված` նա նստում է հեռուստացույցի մոտ, որը նոր էին գնել ընտանիքի համար Դավթի մահվանից երկու օր առաջ: «Շատ երջանիկ ենք եղել,- ասում է նա,- բառերով չեմ կարող նկարագրել: Ասում էր` քեզնով եմ շնչում ու ապրում»: Լիլիթն ասում է, որ իր վիշտն անտանելի էր, և որ ութ ամիս փակվել է իր տանը, մինչև գիտակցել է, որ ամուսնու մահը իրեն էլ է սպանում, և ինքը պարտավոր է մտածել որդու մասին: «Երբ դուրս էի գալիս, տեսնում էի, որ մարդիկ չեն ուզում հետս շփվել, էնքան դժբախտ տեսք ունեի: Որոշեցի մի դիմակ հագնեմ, դերասանություն անեմ, որ մարդիկ չխուսափեն ինձնից: Դիմակս հագնում, դուրս եմ գալիս, բոլորի հետ ասում-խոսում, երբեմն` ծիծաղում, գալիս եմ տուն, դիմակս հանում եմ ու փակվում նորից իմ տան մեջ»,- լաց լինելով պատմում է Լիլիթը: «Մինչև հիմա էլ չեմ հավատում, որ նա չկա: Սուրճ եմ եփում` երկու բաժակ, որովհետև գիտեմ, թե դիվանին նստած` սուրճի ա սպասում: Դուռը բացվում ա, ասում եմ` Դավ, ամեն անգամ թվում է, թե ինքն ա գալիս: Ասում էր` Լիլիթ, երդվիր, որ մեզ միայն մահը կբաժանի»: «Ու բաժանեց»: |
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.