Դասեր` քաղված քաոսից. ինչպե՞ս է ընդդիմությունը փոխվել այս մեկ տարում
Ընդդիմությունն այլևս առաջվանը չէ Անշուշտ, յուրաքանչյուրն իր ձևով է հիշում և վերլուծում կատարվածը: Ամենասկզբից էլ բարձրաձայնվում էին իրարամերժ տեսակետներ իրադարձությունների բնույթի մասին, սակայն այսօր էլ` մեկ տարի անց, բոլոր այդ կարծիքները նույնքան թարմ ու հուզական հնչողություն ունեն: Ոմանք շարունակում են կարծել, թե դա արտաքին ուժերի կողմից երկրում «գունավոր հեղափոխության» ձախողված փորձ էր, ոմանք այդ իրադարձությունները համարում են ներքին գործ (ռևանշիստական շրջանակների` իշխանությունը յուրացնելու փորձ), ոմանք էլ` հանրապետությունում ստեղծված վիճակից զանգվածների ընդհանուր դժգոհության արտահայտություն: Ամեն դեպքում, ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի առաջին նախագահին հաջողվեց իր շուրջը համախմբել ավելի քան 350.000 մարդու (ըստ պաշտոնական ընտրական տվյալների) և վերջնագրի տոնով պահանջել նոր նախագահական ընտրություններ անցկացնել: Հարկ է հատուկ ընդգծել այն հանգամանքը, որ դա հաջողվեց ոչ թե ընդդիմությանը, այլ հենց երկրի առաջին նախագահին: Հայաստանի ներքաղաքական զարգացումները վաղուց արդեն անձնավորված են, և դրանով է բացատրվում ինչպես Կարեն Դեմիրճյանի (1998 թ.), այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանի (2008 թ.) երկրորդ քաղաքական հայտնության ֆենոմենը: Վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ նույնպես հիմնվում է անձնական գործոնի վրա. այդ անձանց առավել արմատական հակառակորդների ճնշող մեծամասնությանը բնորոշ է «ֆիզիոլոգիական հակակրանքը» նրանց հանդեպ: Այսպիսով` խոսել ընդդիմության ներկա վիճակի մասին` նույնն է, ինչ խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի ներկա վիճակի մասին: Այսօր նա զգալիորեն թույլ է, քան մեկ տարի առաջ, և դա բացատրվում է միանգամից մի քանի գործոններով: Նախևառաջ` անցած տարվա ընթացքում գործող իշխանությունները նկատելիորեն ամրապնդվել են, մինչդեռ մեկ տարի առաջ իսպառ բացակայում էին: Այն ժամանակ կոնկրետ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը կիսում էին հեռացող Ռոբերտ Քոչարյանի վարչակարգը և «փոխանցումային ձողիկն» ընդունող նոր վարչակարգը: Կիսում էին գրեթե հավասար: Անցյալ տարվա փետրվար-մարտ ամիսներին երկրում «երկիշխանության» պես մի բան էր, և հենց այդ պատճառով էլ նախագահական ընտրություններին հաջորդած երկու պայթյունավտանգ «հանրահավաքային շաբաթների» ընթացքում նախագահներից ոչ մեկն իր վրա չէր վերցնում վճռական գործողությունների դիմելու «վերջնական պատասխանատվությունը»: Հենց այդ իրավիճակում էլ առաջին նախագահը որոշեց ստանձնել այդ ֆունկցիաները: Այսօր «երեք զուգահեռ նախագահով» պարտիան արդեն ավարտված է, և գործող իշխանությունը միակն է: Լևոն Տեր-Պետրոսյանի թուլանալու մյուս պատճառը իշխանական բուրգի ավելի միաձույլ կառուցվածքն է: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտին նրա ստեղծած իշխանական բուրգը սկսեց բոլորի աչքի առաջ քանդվել, և պետական ապարատի շատ ներկայացուցիչներ միանգամայն անսպասելիորեն սատարեցին Լևոն Տեր-Պետրոսյանին: Նրանց թվում էին և վարչակարգի ղեկավարներ, և դիվանագետներ, այդ թվում` դեսպաններ: 2008 թ. փետրվարի փաստորեն յուրաքանչյուր օրը վկայում էր Ռոբերտ Քոչարյանի բուրգի կործանումը: Ընդ որում` առաջին նախագահի կողմն անցածների շարքերում էին ոչ միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, այլև Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ: Լևոն Տեր-Պետրոսյանի ներկա դիրքերի հարաբերական թուլության երրորդ պատճառը նյութական ռեսուրսների համեմատական սղությունն է: Անցյալ տարվա սկզբին նրա քաղաքական գործունեությանն աջակցում էին խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք այսօր արդեն սեփական արտադրական միջոցների տերը չեն: Վերջերս տեղի ունեցավ «հակառակորդի կողմն անցած» օլիգարխների գույքի վերաբաշխում, ինչի արտահայտությունը «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդն էր, որը պատկանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած Խաչատուր Սուքիասյանին: Հանրահայտ գործարանը գնեց գործող նախագահի վստահված անձ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքերի թուլությունը, որը, իմիջիայլոց, ակներև էր նաև անցյալ տարի, նրա շրջապատում այնպիսի քաղաքական գործիչների բացակայությունն է, որոնք հասարակական կարծիքում զուգորդվում են այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին են «պարկեշտությունը», «պրոֆեսիոնալիզմը» և «հավատարմությունը ազգային ու պետական շահերին»: Անցյալ տարվա օգոստոսին 16 ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական շարժումներ (Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Հանրապետություն», «Ազատություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, Լիբերալ կուսակցությունը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը, «Այլընտրանք» շարժումը և այլն) ստորագրեցին հռչակագիր Հայ ազգային կոնգրես ստեղծելու մասին: Սակայն ակնհայտ է, որ Վազգեն Մանուկյանի նման մեկ քաղաքական գործիչը հասարակական գիտակցության մեջ ավելի մեծ անձնական հմայք ու ազդեցություն ունի, քան Հայ ազգային կոնգրեսի բոլոր 16 ղեկավարները միասին վերցրած: Սակայն ոչ նրա, ոչ էլ մյուս փորձված ընդդիմադիրների (Հրանտ Խաչատրյան, Պարույր Հայրիկյան և այլք) մտքով անգամ չի անցնում միանալ առաջին նախագահին: Արտաքին օժանդակություն Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես չունի: Իհարկե, և Անկարան, և Բաքուն կուզենային հենց նրան տեսնել Հայաստանի նախագահի պաշտոնում, սակայն նույնիսկ նրանք դժվար թե նյութական աջակցություն ցույց տան նրան: Առաջին նախագահն արդեն վաղուց է ընկալվում որպես «խփված խաղաթուղթ», որի վրա ոչ ոք էլ առանձնապես չի պատրաստվում խաղադրույք կատարել: Նախ` նա արդեն եղել է երկրի հրաժարական տված ղեկավար, երկրորդ` նա ի վիճակի չեղավ գրագետ կերպով օգտվելու անցյալ տարվա փետրվարին ստեղծված «երկիշխանությունից»` փոխարենը տանելով «իր ընտրազանգվածին» բացահայտ սպանդի: Սակայն իրավիճակի պարադոքսն այն է, որ հենց իրերի նման կացությունն էլ կարող է ուժ հաղորդել Տեր-Պետրոսյանին: Անելանելիությունը, որում, ի դեմս նրա, հայտնվել է արմատական ընդդիմությունը, կարող է կողմնորոշել ընդդիմության գործողություններն ամենաանկանխատեսելի ուղղությամբ, քանի որ կորցնելու բան արդեն չկա: Հաշվի առնելով, որ առաջին նախագահը երբեք էլ առանձնապես աչքի չի ընկել իր ենթակաների նկատմամբ ավելորդ հոգատարությամբ, նրանից ամեն բան կարելի է սպասել: Հատկապես այժմ` ողբերգական իրադարձությունների առաջին տարելիցի շեմին: Այս առումով, մարտի 1-ին նախատեսված հանրահավաքը, որին, վերլուծաբանների գնահատականով, կարող է մասնակցել առնվազն 20.000 մարդ, ի վիճակի է շատ բան պարզելու: Հանրահավաքի մասնակիցներին տրվելու են հրահանգներ, որոնք թույլ կտան խուսափել իշխանության ներկայացուցիչների հնարավոր սադրանքներից: Արդեն հայտարարվել է, որ հանրահավաքից հետո նախատեսվում է երթ անցկացնել: Ինչպես արդեն նշել է Հայ ազգային կոնգրեսը` հանրահավաքը և դրան հաջորդող երթը պետք է «նպաստեն երկրի քաղաքական համակարգի առողջացմանը»: Այդ օրերին հնարավոր կլինի տեսնել և համեմատել արմատական ընդդիմության ներկա վիճակը անցյալ տարվա հետ: Ցավոք, դատելով արտաքին դրսևորումներից` անցյալ տարվանից հետո [ընդդիմությունը] ոչ մի լուրջ դաս չի քաղել: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 12 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.