Սպորտ. բոսնիական մարտահրավեր ֆուտբոլի Աշխարհի գավաթի 2010 թ. խաղարկության որակավորման խաղում

Արոնյանն իրավունք նվաճեց մասնակցելու ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին
Ֆուտբոլ

Այս շաբաթավերջին Հայաստանի հավաքականը հյուրընկալում է Աշխարհի գավաթի 2010 թ. խաղարկության 5-րդ խմբի առաջատարներից մեկին` Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Հանդիպումը տեղի կունենա «Վազգեն Սարգսյան» հանրապետական մարզադաշտում շաբաթ օրը` ժամը 20:00-ին:

Սեպտեմբերի 5-ին կայանալիք խաղն այս երկու հավաքականների արդեն երկրորդ հանդիպումն է որակավորման ներկա փուլում: Անցյալ աշնանը կայացած առաջին խաղում Հայաստանը զիջեց բոսնիացիներին 1:4 հաշվով:

Վեց խաղից հետո Հայաստանը վաստակել է ընդամենը 1 միավոր և եզրափակում է խմբի աղյուսակը, որտեղ ընդգրկված են նաև Իսպանիան, Թուրքիան, Բելգիան և Էստոնիան:

Բոսնիա և Հերցեգովինայից բացի, Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Բելգիային ու Իսպանիային` համապատասխանաբար սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Թուրքիայում:

(Այսօրվա դրությամբ Թուրքիա-Հայաստան հանդիպման հնարավոր վայրերն են կենտրոնական Անատոլիայի Կայսերի և Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Բուրսա քաղաքները:)

(Աղբյուրները` www.ffa.am; www.fifa.com)

Շախմատ

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը համալրեց ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնության թագի հավակնորդների շարքերը: Դա պարզ դարձավ անցյալ ամիս, երբ նա ժամկետից շուտ դարձավ «Գրան պրի» մրցաշարերի հաղթող:

ՖԻԴԵ-ի հինգերորդ «Գրան պրի» մրցաշարից հետո, որը կրում էր աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը և օգոստոսի 8-24-ն անցկացվեց Հայաստանի Ջերմուկ առողջարանային քաղաքում, Արոնյանը զբաղեցրեց երկրորդ տեղը և ընդհանուր առմամբ «Գրան պրի» մրցաշարերում վաստակեց 500 միավոր: Այսպիսով, նա անհասանելի դարձավ մրցակիցների համար` անկախ դեկտեմբերին կայանալիք վերջին` 6-րդ մրցաշարի արդյունքներից:

Այս արդյունքը նաև նշանակում է, որ հայ գրոսմայստերը` որպես «Գրան պրի» մրցաշարերի հաղթող, իրավունք ստացավ մասնակցելու ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

(Աղբյուրը` www.armchess.am, www.fide.com)

Ձյուդո

Այս շաբաթ Հայաստան էին ժամանել ադրբեջանցի երկու նախարարներ` բանակցություններ վարելու սեպտեմբերի 11-13-ը Երևանում անցկացվելիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանն ադրբեջանցի մարզիկների մասնակցության պայմանների շուրջ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:

Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը և աշխատանքի նախարար Ֆիզուլի Ալեքպերովը (որը նաև Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահն է) հուշագիր ստորագրեցին Հայաստանի համապատասխան կառույցների հետ Հայաստանում ադրբեջանցի մարզիկների անվտանգության վերաբերյալ: Սեպտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նաև եվրոպական ձյուդոյի և օլիմպիական մարմինների ներկայացուցիչներ:

Խորհրդային Միության փլուզումից և Լեռնային Ղարաբաղի համար երկու հարևան երկրների միջև պատերազմից հետո ադրբեջանցի ոչ մի մարզիկ չի մասնակցել Հայաստանում անցկացված որևէ մարզական միջոցառման: Իսկ հիմա ակնկալվում է, որ Ադրբեջանը Երևան կուղարկի 14 մարդուց կազմված պատվիրակություն, այդ թվում` 8 մարզիկ` Եվրոպայի ավելի քան 40 երկրների հարյուրավոր երիտասարդ ձյուդոիստների հետ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Օգոստոսի վերջին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացված ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հովհաննես Դավթյանը (60 կգ) արժանացավ բրոնզե մեդալի` Հայաստանին բերելով առաջին մեդալը ձյուդոյի աշխարհի առաջնություններում, հաղորդում է www.sportinfo.am կայքը:
ԱրմենիաՆաուի էջերում