Սպորտ. Արոնյանը` Մոսկվայի Տալի հուշամրցաշարում

Լևոն Արոնյանը
Շախմատ

Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը մասնակցում է Մոսկվայում անցկացվող (նոյեմբերի 5-18-ը) Տալի հուշամրցաշարին: Նրա մրցակիցներն են Անանդը, Կրամնիկը, Կարլսենը, Լեկոն, Գելֆանդը, Իվանչուկը, Մորոզևիչը, Սվիդլերը, Պոնոմարյովը:

Հիմնական տուրերից հետո կլինի աշխարհի արագ շախմատի առաջնություն (նոյեմբերի 16-18-ը):

Ֆուտբոլ

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» (Երևան) Հայաստանի առաջնության վերջին` 28-րդ տուրում, 4:0 հաշվով հաղթանակ տանելով այս մրցաշրջանում իր գլխավոր մրցակից «Միկայի» նկատմամբ, նվաճեց չեմպիոնի կոչումը: Այս խաղում հեթ թրիքի հեղինակ դարձավ «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին:

65 միավորով «Փյունիկը» 9-րդ անգամ անընդմեջ (ընդհանուր առմամբ 12-րդ անգամ) դարձավ չեմպիոն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Միկան» մրցաշրջանն ավարտեց 58 միավորով: 28-րդ տուրում «Ուլիսը», 3:2 հաշվով հաղթանակ տանելով «Արարատի» նկատմամբ, վաստակեց 53 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը թողնելով «Բանանցին» (44 միավոր): «Գանձասարը», «Շիրակը» և «Կիլիկիան», համապատասխանաբար, հանգրվանեցին 5-րդ, 6-րդ և 7-րդ հորիզոնականներում: Անցյալ մրցաշրջանում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած «Արարատը» հայտնվեց վերջին` 8-րդ, հորիզոնականում և դուրս մնաց բարձրագույն խմբից:

Իսկ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը պատրաստվում է Եվրո-2011 որակավորման խաղերին, որոնց ընթացքում կհանդիպի Էստոնիայի և Իռլանդիայի հավաքականներին: Այս խաղերը կանցկացվեն, համապատասխանաբար, նոյեմբերի 14-ին և 17-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում:

Ներկայումս գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի սաները առաջնության որակավորման փուլի երկրորդ խմբում, որտեղ 6 հավաքական է ընդգրկված, չորս խաղից չորս պարտություն են կրել և հայտնվել վերջին հորիզոնականում: Խմբում ընդգրկված են նաև Շվեյցարիայի, Թուրքիայի և Վրաստանի հավաքականները:

(Աղբյուրը` ՀՖՖ)

Սամբո

Հայկական sportinfo.am կայքը հաղորդմամբ` սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկը նվաճեց բրոնզե մեդալ:

Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող առաջնությունում Աշոտ Դանիելյանը (62 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Հայաստանի դրոշի տակ հանդես եկող մեկ այլ մարզիկ` Վահան Հովհաննիսյանը, զբաղեցրեց 5-րդ տեղը:

Սամբոն Խորհրդային Միությունում ձևավորված ժամանակակից մարտարվեստ է:

(Աղբյուրը` www.sportinfo.am)
ԱրմենիաՆաուի էջերում