Ֆոտոլուր
Թեև բասկետբոլը մրցաշարի մարզաձևերի ցանկում չէ, Հայաստանի հաշմանդամ մարզիկները հնարավորություն կստանան երեք շաբաթների ընթացքում վայելու մարզական խաղերը:
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է հաշմանդամային հինգ մարզաձևերի հանրապետական մրցաշար, որի ընթացքում 150 հաշմանդամներ կմրցեն լողի, բոչիայի, առագաստանավային սպորտի, սեղանի թենիսի, գոլբոլի առաջնությունների ժամանակ Երևանում և Սևանում, Ապարանում ու Վանաձորում:
Սեպտեմբերի 3-24-ն անցկացվող խաղերի կազմակերպիչը 2009 թ.-ից Հայաստանում գործող Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան (ՀՍՀԱՖ) է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և «Հայկական ճամբար» ՀԿ-ի կողմից: Մինչև 2011 թ. գործելու համար տրամադրվել է 127.000 եվրո:
ՀՍՀԱՖ-ի տնօրեն Սամվել Ռոստոմյանը ցավում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնել են, որ 5 տարի չեն կարող ֆինանսավորել նոր ծրագրեր, քանի որ արդեն ֆինանսավորում են հաշմանդամների խնդիրներով զբաղվող այլ կենտրոնների:
«Հայաստանում գործում է պետության կողմից ֆինանսավորվող 166 մարզադպրոց, որտեղ չի մարզվում և ոչ մի հաշմանդամ: Պետությունը պատճառաբանում է պայմանների բացակայությունը, իսկ մենք այս մրցաշարով ապացուցում ենք, որ ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է ստեղծել»,- ասում է Ռոստոմյանը:
Մրցաշարի ընթացքում հանդես կգա լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը, ով այս տարի երկու արծաթե մեդալներ է բերել Ռուսաստանում լողի բաց առաջնությունից, ուժեղ են համարվում նաև հայկական գոլբոլի խաղացողները: Նրանցից մեկը` 20-ամյա Սիփան Ասատրյանը, ով անվճար սովորում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, այս տարի ճանաչվել է լավագույն ուսանող:
«Այս մարզաձևն ինձ ինքնավստահություն է տվել վերջին 1,5 տարիների ընթացքում: Ես սկսել եմ կույրերի համար նախատեսված փայտով մենակ համարձակ շրջել մեր տան մերձակայքում»,- խոստովանում է Ասատրյանը:
Առագաստանավային սպորտի մրցումների ժամանակ մարզիկների համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել մրցել միջնադարյան հայկական ձկնորսական նավերի նմանությամբ կառուցված երկու նավերով:
«Ոչ միայն 16 մարզիկ կվայելի իր խաղը, այլև հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու իր պատմությանը»,- ասում է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի տնօրեն Կարեն Բալայանը, ով իր ակումբի աշխատողների հետ օգնելու է մարզիկներին այս մրցաշարի ժամանակ:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.