Մարզական տեսություն. «Փյունիկը» շնորհավորանքներ է ընդունում

Ֆուտբոլ

«Փյունիկը»` Հայաստանի չեմպիոն. Ֆուտբոլի Հայաստանի առաջնության նախավերջին տուրում Երևանի «Փյունիկը» 0:1 հաշվով պարտություն կրեց Աբովյանի «Էսթեղլալ-Կոտայքից», սակայն դա չխանգարեց նրան հինգերորդ տարին անընդմեջ նվաճելու չեմպիոնի կոչումը:

Աշտարակի «Միկան» բարձրացավ 2-րդ տեղ` 4:1 հաշվով հաղթելով իր հիմնական մրցակից Երևանի «Բանանցին»:

Այսպիսով, առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Փյունիկը» 36 միավորով անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Միկայի» համար, որն ունի 32 միավոր:

Իսկ 2-րդ և 3-րդ տեղերի համար պայքարը կշարունակվի վերջին տուրում, որը կկայանա նոյեմբերի 6-ին: Այդ օրը գլխավոր իրադարձությունները կծավալվեն «Միկայի» և 31 միավորով 3-րդ տեղում ընթացող «Էսթեղլալ-Կոտայքի» մրցավեճում, որը կկայանա Աբովյանում: 30 միավորով 4-րդ տեղը զբաղեցնող «Բանանցը», որը հանդիպելու է մայրաքաղաքի «Դինամո-Զենիթի» հետ, դեռ հնարավորություն ունի գրավելու երրորդ կամ երկրորդ տեղը:

Ըմբշամարտ

«Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 29-30-ը տեղի ուենցավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 10-րդ ավանդական խաղարկությունը, որին մասնակցեցին 7 երկրների ավելի քան 90 մարզիկներ:

Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի և Ուզբեկստանի ուժեղագույն ըմբիշները մրցեցին յոթ քաշային կարգերում:

Մրցումների առաջին օրը 84 կգ քաշային Էդգար Ենոքյանն արժանացավ արծաթե, իսկ 66 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը` բրոնզե մեդալի:

Երկրորդ օրը հայաստանցի մարզիկներից լավագույն արդյունքի հասան Սևակ Բաղդյանը (60 կգ), Հովհաննես Մկրտչյանը (96 կգ) և Հարութ Ենոքյանը (74 կգ), որոնք գրավեցին 5-րդ տեղը: («Արմենպրես»)

ԱրմենիաՆաուի էջերում