Սպորտ. թեև «Հատիսը» պարտվեց հույների հետ պատասխան խաղում, «բասկետբոլային տոնը» կայացավ
«Հատիսի» համար (մրցաշարում` 2 պարտություն, 2 հաղթանակ), որը սկզբունքային պայքար էր մղում, այս խաղն ինչ-որ առումով հաղթանակ էր` հաշվի առնելով այն, որ հույներն առաջին խաղում ավելի քան 51 միավոր առավելությամբ պարտության էին մատնել հայկական ակումբին (105:54):
«Հատիսի»` սեփական հարկի տակ խաղի բոլոր 1160 տոմսերը նախօրոք վաճառվել էին, և բասկետբոլի ֆեդերացիան ստիպված լրացուցիչ տեղեր էր խնդրել` խաղի նկատմամբ մարզասերների հետաքրքրությամբ պայմանավորված: Սակայն նույնիսկ լրացուցիչ 50 տեղը, որ կազմակերպիչները տրամադրեցին, չբավարարեց, և երկրպագուները ստիպված էին տեղավորվել աստիճաններին և տրիբունաների միջանցքներում: Չնայած Աթենքի ակումբի հաղթանակին` խաղն անցավ լարված մթնոլորտում և ընդհանուր առմամբ հավասար պայքարում: Երկրորդ քառորդում «Հատիսի» խաղը չէր ստացվում, և թիմը պարտվում էր 11:28 հաշվով: Խաղակեսն ավարտվեց 44:49 հաշվով` հօգուտ հույների: Գիա Ղազանչյանի սաները երկրորդ խաղակեսում վերագտան իրենց խաղը և նույնիսկ մի պահ 8 միավորով առաջ անցան մրցակցից` առավելապես երեք միավորանոց նետումների շնորհիվ, որոնց մեծ մասը ճամայկացի խաղարկող Մաուրիտա Ռայդն էր կատարում: Չորրորդ տուրից հետո «Հատիսն» ունի 6 միավոր և շարունակում է չորս թիմերից բաղկացած F խմբում զբաղեցնել երրորդ հորիզոնականը: Խմբում ընդգրկված են նաև «Բեշիկթաշ» (Թուրքիա, Ստամբուլ) և «Չևակատա» (Ռուսաստան, Վոլոգդա) ակումբները: Խաղից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ, «Աթինաիկոսի» գլխավոր մարզիչ Գեորգիոս Դիկեուլակոսը բարձր գնահատեց հայկական կողմի ջերմ ընդունելությունը: «Դա ավելի կարևոր է, քան բասկետբոլը։ Չնայած առաջին տուրում տոնած խոշոր հաղթանակին, մենք գիտակցում էինք, որ այսօր դժվար է լինելու։ Զարմացել ենք ձեր թիմի նկատմամբ դահլիճի նման աջակցությունից,- ասաց Դիկեուլակոսը։ - Չեմ կարող ասել, որ մենք ավելի ուժեղ ենք, ուղղակի «Հատիսը» պարտվեց մանրուքներում, իսկ մենք ավելի փորձառու էինք»: «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի խոսքով` հակառակորդն ուժեղ էր և արժանի հաղթանակ տարավ: «Ինչպես ասում են` գլխից վեր չես թռչի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք առաջ անցանք, դեռ ոչինչ որոշված չէր: Այսօրվա դրությամբ նրանք (հունական ակումբը), իրոք, ավելի ուժեղ են։ Նրանք նաև Հունաստանի առաջնությունում ընթանում են առաջին տեղում ու ոչ մի պարտություն չեն կրել»,- ասաց նա։ Ղազանչյանը հավելեց. «Ուզում եմ նշել, որ այսօր մեծ բասկետբոլային տոն է Հայաստանում, ու դա ավելի կարևոր է»։ «Հատիսի» գլխավոր մարզիչն ակնկալում է, որ դեկտեմբերի 17-ին սեփական հարկի տակ «Բեշիկթաշի» հետ հանդիպումը վճռական կլինի, որից հետո կպարզվի, թե որ երեք թիմերն են դուրս գալու Եվրագավաթի խաղարկության 1/16 փուլ: F խմբի մյուս հանդիպումում հինգշաբթի «Բեշիկթաշը» 81:80 հաշվով հաղթեց Վոլոգդայի «Չևակատային»: Հինգերորդ տուրում` հաջորդ խաղը «Հատիսը» կանցկացնի Ռուսաստանում դեկտեմբերի 10-ին:
Other Articles in Բասկետբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.