Ըստ «Հատիսի»` Ռուսաստանում իրենք պարտվել են կողմնակալ մրցավարության պատճառով
Թեև «Հատիսը» պարտվեց, սակայն շարունակում է պայքարը «փլեյ-օֆ» դուրս գալու համար Առաջին խաղակեսը 48:30 հաշվով պարտվելուց հետո երկրորդ խաղակեսում հայերը բարելավեցին իրենց վիճակը, սակայն չկարողացան հասնել ռուսներին: Ի տարբերություն այս խաղի` Գիա Ղազանչյանի թիմը 103:99 հաշվով պարտության էր մատնել «Չևակատային», երբ ռուսական թիմը անցյալ ամիս Երևանում էր: Ճամայկացի Մաուրիտա Ռեյդը Վոլոգդայի խաղի ժամանակ 22 միավոր է բերել թիմին, իսկ ուկրաինուհի Աննա Զարիցկան և սերբուհի Բոյանա Վուլիչը` համապատասխանաբար, 18 և 15 միավոր: Այդուհանդերձ, «Հատիսի» ղեկավարությունը կարծում է, որ «Չևակատան» հաղթել է խաղի մրցավարների կողմնակալ վերաբերմունքի պատճառով: «Նման մրցավարություն չէր եղել ո´չ Աթենքում, ո´չ Ստամբուլում, որտեղ «Հատիսը» նույնպես բախվել էր կողմնակալության»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում www.hatis.am տեղադրված հայտարարության մեջ: «Հատիս»-«Չևակատա» հանդիպման տեսագրությունը կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ, որպեսզի հայ երկրպագուները «տեսնեն, թե որքան վատն էր մրցավարությունն այս խաղում»: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նույնպես խաղը «աղաղակող անարդարություն է» որակել: «ԱրմենիաՆաուի» հետ հեռախոսային զրույցում նա ասել է, քանի որ թիմը խաղում էր Վոլոգդայում, նրանք պարզապես չէին կարող դրական արդյունք ունենալ և դատապարտված էին պարտության: «Ես իմ կյանքում երբևէ չեմ տեսել նման խայտառակ մրցավարություն: Ամեն ինչ արվում էր շատ բացահայտ` առանց իրենց «նախապատվությունն» անգամ քողարկելու: Եվ, անկասկած, ամեն ինչ արվում էր «Չևակատայի» հաղթանակն ապահովելու համար: Ռումինացի և մոլդովացի մրցավարները հիանալի էին համագործակցում և պարզապես սպանեցին խաղը»,- ասում է Ռոստոմյանը: «Ես միշտ փորձում եմ հասկանալ պարտության պատճառները, սակայն սա այն դեպքը չէ, երբ պետք է լուռ մնալ: Տեղի ունեցածը բոլոր սահմաններից վեր է»,- ասում է Ռոստոմյանը` հավելելով, որ Հայաստանի ֆեդերացիան արդեն իր դժգոհությունն է հայտնել Եվրոպայի բասկետբոլի ղեկավարությանը` FIBA-ին: (Հարկ է նշել, որ «Չևակատայի» սեփականատերը հայ գործարար Արկադի Պողոսյանն է:) F խմբի որակավորման մեկ այլ խաղում հինգշաբթի «Սոնի Աթինաիկոսը» (Աթենք, Հունաստան) 81:60 հաշվով պարտության է մատնել «Բեշիկթաշին» (Ստամբուլ, Թուրքիա)` պահպանելով F խմբում առաջատարի իր դիրքը: Չնայած վերջին պարտությանը` F խմբի որակավորման խաղարկությանը մասնակցող 4 թիմերի շարքում «Հատիսը» դեռ ընթանում է երրորդ տեղում: Հինգ փուլից հետո «Հատիսն» ունի 6 միավոր, իսկ առաջատարներն են հունական «Սոնի Աթինաիկոսը» (12 միավոր) և թուրքական «Բեշիկթաշը» (9 միավոր): «Չևակատան» 4-րդ տեղում է` 5 խաղից ընդամենը մեկ հաղթանակ տանելով: «Հատիսի» հաջորդ խաղը «Բեշիկթաշի» հետ (F խմբի որակավորման վերջին խաղը) տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին` Երևանում: Տանտերերը որակավորման հաջորդ խումբ անցնելու համար պետք է հաղթեն: Սպասվում է, որ ինչպես այս մրցաշրջանի «Հատիսի» բոլոր խաղերի, այնպես էլ գալիք խաղի տոմսերը լավ կվաճառվեն` հաշվի առնելով Հայաստանում «բասկետբոլի բումը»` կապված Եվրոպայի գավաթի խաղարկությունում հայկական թիմի հաջող խաղերի հետ (և ոչ միայն այն պատճառով, որ հակառակորդ թիմը թուրքեր են):
Other Articles in Բասկետբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.