Բասկետբոլ. թուրքերի նկատմամբ դիտարժան հաղթանակից հետո «Հատիսն» անցնում է փլեյ-օֆ
«Հատիսը», 78:74 հաշվով հաղթեց Թուրքիայի «Բեշիկթաշի»: Հինգշաբթի օրվա խաղն անցավ մարզասերներով լի «Միկա» մարզադահլիճում: «Բեշիկթաշի» հետ հանդիպման ընթացքում «Հատիսը» նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց և այդ ոգով շարունակեց մինչև խաղավարտը: Խաղավարտին Ստամբուլի թիմին հաջողվեց կրճատել հաշիվը, սակայն հավասարեցնել` չհաջողվեց: Թիմի ավագ սերբիացի Բոյանա Վուլիչն իր հաշվին գրանցեց 23, իսկ ճամայկացի Մաուրիտա Ռեյդը` 22 միավոր` ապահովելով «Հատիսի» հաղթանակը: «Հատիսի» կազմում Ռեյդը, վեց խաղում վաստակելով 119 միավոր, մրցաշարի ռմբարկուների շարքում 10-րդն է դասվել: Մամուլի ասուլիսի ընթացքում «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը նշեց, որ այս հաղթանակն ամբողջ Հայաստանի հաղթանակն է: «Ուզում եմ առանձնահատուկ նշել մարզադահլիճի աջակցությունը։ Սա ուղղակի անհավանական էր։ Մենք ունեինք լրացուցիչ խաղացող. ամբողջ խաղն անցկացրինք վեցը հինգի դեմ»,- ասաց Ղազանչյանը: Խաղավարտից հետո «Հատիսի» խաղացողները իրենց առանձնահատուկ երախտագիտությունը հայտնեցին խանդավառ մարզասերներին` նրանց հղելով օդային համբույրներ: «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Ազիզ Աքայան շնորհակալություն հայտնեց Երևանում հայկական կողմի ջերմ ընդունելության համար: «Նախորդ տարի մենք ելույթ էինք ունենում Եվրոլիգայում, սակայն այնտեղ ևս լեփ-լեցուն տրիբունաներ ոչ միշտ կարելի է տեսնել: Իսկ այսօր Հայաստանում շատ լավ մթնոլորտում անցավ խաղը: Մարզասերների աջակցությունը բավական օգնեց «Հատիսին»: Հայաստանում առաջին անգամ էինք, և կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ էր կազմակերպված: «Հատիսը» լավ թիմ է և հետագայում կարող է լավ արդյունքների հասնել, սակայն Եվրոպայում ուժեղ թիմեր շատ կան, և նրանց հետ մրցելն առավել դժվար կլինի»,- նշեց թուրքական թիմի մարզիչը: Երևանի թիմի հաջորդ մրցակիցը կանանց բասկետբոլի Եվրագավաթի 1/16 եզրափակիչում կլինի Օրենբուրգի «Նադեժդան»։ 1/16 եզրափակիչում Հայաստանի և Ռուսաստանի թիմերի միջև առաջին հանդիպումը կանցկանցվի Երևանում հունվարի 7-ին:
Other Articles in Բասկետբոլ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.