Ֆոտոլուր
Ջոն Գոնսալեզը (ձախից), Հրաչյա Ռոստոմյանը (աջից)
Այսօր Հայաստանում մեկնարկեց բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարը` հյուրընկալելով Անդորրայի, Ջիբրալթարի, Ուելսի, Շոտլանդիայի, Մոլդովայի թիմերին, որոնք ՖԻԲԱ-ի երեք դիվիզիոններից ամենացածր վարկանիշ ունեցողներն են: Մրցաշարին մասնակցող Հայաստանի հավաքականը հույս ունի բարելավել իր դիրքերը և հայտնվել B դիվիզիոնի կազմում:
Հայաստանի առաջատար բասկետբոլի ակումբ «Հատիսը» 2009-2010 թթ. հասնելով փլեյ օֆ փուլ` հեղինակություն ձեռք բերեց և դա էլ նպաստեց, որ երկու տարին մեկ անգամ անցկացվող Եվրոպայի առաջնությունը, որը կտևի մինչև հուլիսի 3-ը, այս անգամ հյուրընկալի Հայաստանը:
«Ես ընդամենը մեկ օր եմ այստեղ, բայց արդեն հասկացել եմ, որ Հայաստանը մեծ ոգևորությամբ է պատրաստվել այս խաղերին, ու հրավիրված երկրների ներկայացուցիչները ևս մեծ գոհունակությամբ կվերադառնան իրենց երկրներ»,- ասում է ՖԻԲԱ-Եվրոպայի (41 անդամ ունեցող և մրցաշարի պատասխանատու) փոխնախագահ Ջոն Գոնսալեսը:
Մրցաշարին նախապատրաստվելիս հաշվի է առնվել նաև ժամանակացույցը, որպեսզի բասկետբոլի խաղերի հեռարձակման ժամերը չհամընկնեն ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամերի հետ, որին հետևում է գրեթե յուրաքանչյուր հայ երկրպագու:
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը` Հ1-ը (որը հեռարձակում է ֆուտբոլի աշխարհի խաղերը), ուղիղ հեռարձակելու է նաև բասկետբոլի մրցաշարը:
«Ֆուտբոլի ժամանակ մարդիկ երկրպագում են միայն արտասահմանյան ճանաչված թիմերին, իսկ այս խաղերը հնարավորություն կտան, որ հայ երկրպագուները հայկական դրոշին ու հայկական թիմին երկրպագեն»,- ասում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Երևանի 1000 տեղանոց «Միկա» մարզադահլիճում ընթացող խաղերի մուտքն ազատ է:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.