Բասկետբոլ. Հայաստանը, չնայած Մալթայի հետ լարված պայքարում կրած պարտությանը, անցավ B դիվիզիոն

Բասկետբոլ. Հայաստանը, չնայած Մալթայի հետ լարված պայքարում կրած պարտությանը, անցավ B դիվիզիոն

Ֆոտոլուր

Հայաստանը պարտություն է կրել Մալթայի ընտրանուց՝ 74:65

Թեև շաբաթ ՖԻԲԱ-ի կանանց բասկետբոլի C դիվիզիոնի մրցաշարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց (74:65) Մալթայի հավաքականից, նրան հաջողվեց անցնել եվրոպական բասկետբոլի ավելի բարձր դիվիզիոն:


Անցյալ տարի հայտնի «Հատիս» բասկետբոլային ակումբի վերակենդանացումից հետո այս մրցաշարը Հայաստանի համար երկրորդ լուրջ փորձությունն էր, որը հավաքականը հաջողությամբ հաղթահարեց` անցնելով B դիվիզիոն, որտեղ Հայաստանի ընտրանուն, ինչպես ենթադրվում է, ավելի լուրջ մրցակցություն է սպասվում: (ՖԻԲԱ-ն բաղկացած է երեք դիվիզիոնից, որոնցից A-ն ամենաբարձրն է:)


2011 թ. գարնանը մեկնարկող մրցաշրջանում` B դիվիզիոնում, Հայաստանի ընտրանին կխաղա մոտ երկու տասնյակ երկրների ներկայացուցիչների հետ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն «ԱրմենիաՆաուին» ասել է, որ այս դիվիզիոնի վիճակահանությունը կլինի հաջորդ տարվա մարտին: Դեռևս ստույգ հայտնի չէ, թե որ հավաքականներն են ընդգրկվելու B դիվիզիոնում, քանի որ այստեղ պայքարը կավարտվի օգոստոսին:

«Այնտեղից A դիվիզիոն անցնելը մեզ համար ավելի դժվար կլինի, քանի որ B դիվիզիոնում շատ ուժեղ հավաքականներ կան: Այդ պատճառով մեզ համար կարևոր է փորձել այնտեղ ամրապնդվել»,- ասել է Ռոստոմյանը:

Շաբաթ Երևանում անցկացված մրցաշարի (որին ութ հավաքական էր մասնակցում) վերջին խաղից առաջ Հայաստանի ընտրանին 4 փայլուն խաղ էր անցկացրել` հաղթանակ տանելով բոլոր խաղերում: Նախքան C դիվիզիոնի չեմպիոն Մալթայի հետ հանդիպելը Հայաստանի ներկայացուցիչները բոլոր խաղերում երկնիշ թվով են առավելության հասել մրցակիցների նկատմամբ:

Հայաստանի հավաքականը արդեն խաղակեսին հայտնվել էր ծանր կացության մեջ և մրցակցից հետ էր մնում 36:23 հաշվով, սակայն Գիա Ղազանչյանի սաները հաշվի մեջ տարբերությունը հասցրեցին մեկ միավորի: Խաղավարտից գրեթե չորս րոպե առաջ Մալթայի ներկայացուցիչները Հայաստանի ընտրանուց առաջ էին ընդամենը 3 միավորով (62:59), սակայն Մալթայի հավաքականը հանդիպման վերջնամասում թույլ չտվեց տանտերերին նվազեցնել 5 միավորի տարբերությունը:

«Միկա» մարզահամալիրում հավաքվել էին 1900 մարզասեր` այդ կերպ, խաղը դիտելու առումով, ռեկորդ սահմանելով ՖԻԲԱ-ի քիչ ժողովրդականություն վայելող դիվիզիոնի մրցաշարի համար:

Հայաստանի ընտրանու և մարզասերների համար ուրախալի էր ազգային հավաքականում ընդգրկված երեք ամերիկացիներից Քրիստինե Քեփենեկյանի (ծնվել է Երևանում) հաջողությունը, որը ճանաչվել է մրցաշարի ամենաարդյունավետ խաղացողը:

Հայաստանի հավաքականը ոչ մի անգամ թույլ չտվեց մրցակցին հանգիստ զգալ իրեն, իսկ Մալթայի հետ խաղում Քեփենեկյանի երեք միավորանոց գնդակը կրճատեց հաշիվը 62:59-ի, երբ խաղավարտին մնացել էր 4:18 րոպե: Հինգ խաղերի ընթացքում Քեփենեկյանին հաջողվել է իր հաշվին գրանցել միջինը 22 միավոր և 7 անդրադարձ գնդակ: Նրանից մի փոքր հետ է մնում նրա թիմակից Ամանդա Ջեքսոնը (21,8 միավոր և 7,6 անդրադարձ գնդակի տիրապետում):

ԱրմենիաՆաուի էջերում