Զայրացած բռնցքամարտիկը. «Կատաղի ցուլը» շարունակում է հաղթարշավը պրոֆեսիոնալ բռնցքամարտում` կրկին պաշտպանելով չեմպիոնի կոչումը
The "Raging Bull" celebrating a previous victory. Մեքսիկացի երիտասարդ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ռոդրիգո Գերերոյի (13 հաղթանակ` 9-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) հետ 12 ռաունդ տևած ողջ մրցամարտի ընթացքում Վիկ Դարչինյանը (34 հաղթանակ` 27-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) վստահ հանդես եկավ: Կալիֆորնիայում` Ռանչո Միրաժի «Ագվա կալիենտե կազինո»-ում կազմակերպված մրցամարտի, հատկապես, վերջնամասում Դարչինյանը 22-ամյա «Գաթիտոյին» ձախից բազմաթիվ արագ հարվածներ և օպերկոտներ հասցրեց, ինչն էլ ստիպեց մրցավարներին միաձայն հաղթանակը շնորհել հայազգի բռնցքամարտիկին: Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից 34-ամյա վանաձորցի «Կատաղի ցուլը» երրորդ անգամ հաջողությամբ պաշտպանեց 2008 թ. միավորած իր գոտիները: Մենամարտից հետո նա ըստ արժանվույն գնահատեց իր երիտասարդ մրցակցին, որն այն սակավաթիվ բռնցքամարտիկներից էր, ով մենամարտեց Դարչինյանի հետ մինչև մրցամարտի ավարտը, քանի որ հայտնի է, որ հայազգի բռնցքամարտիկը նախընտրում է խաղն ավարտել նոկաուտով: Նա ընդամենը երկրորդ բռնցքամարտիկն էր Դարչինյանի պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում (14 մենամարտ է ունեցել չեմպիոնի կոչումը պաշտպանելու համար), որին հաջողվեց 12 ռաունդ դիմադրել «Կատաղի ցլին»: «Այս տղան ծանր հարվածներ ստացավ,- մրցամարտից հետո ասել է Դարչինյանը: - Ես հարգում եմ նրան: Ծանր հարվածներ ստացավ և 12 ռաունդ դիմացավ: Կարծում էի` կտապալեմ նրան, բայց չկարողացա»: Փորձառու բռնցքամարտիկը կարծես պահում է իր նոկաուտները ռևանշի համար, որին նա փորձում է հասնել 2007 թ. ի վեր, երբ անակնկալ պարտություն կրեց հավակնորդ Նոնիտո Դոներից: Դա առաջին պարտությունն էր, որ Դարչինյանը կրեց իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, և, ոմանց կարծիքով, ֆիլիպինցու բախտը պարզապես բերեց, որը, օգտվելով փոքր հնարավորությունից, կարողացավ ձախ կողային հարվածը հասցնել նպատակին: Վանաձորցի բռնցքամարտիկն ավելի շատ մրցամարտեր ունեցավ կորցրած կոչումները հետ բերելու համար և ավելի շատ գոտիներ նվաճեց` տապալելով երեք աշխարհի չեմպիոնների` Դմիտրի Կիրիլովին, Քրիստիան Միխարեսին և Ժորժե Արսեին (բոլորին էլ տպավորիչ նոկաուտներով հաղթեց): Այնուհետև Դարչինյանը անհաջող փորձ կատարեց տեղափոխվել թեթևագույն քաշային կարգ (51-53,5 կգ): Հայազգի բռնցքամարտիկը, վերադառնալով նախկին քաշային կարգ` 52 կգ, անցյալ տարվա դեկտեմբերին պաշպանեց իր կոչումները մեքսիկացի հավակնորդ Թոմաս Ռոխասի հետ մրցամարտում: Նախքան վերջին մրցամարտը Դարչինյանը կրկին բարձրաձայնեց Դոների հետ ռևանշի առնչությամբ իր մտադրության մասին: Նա ձգտում է ևս մի հնարավորության` ապացուցելու, որ ինքն ավելի ուժեղ է, սակայն Դոները դեռ չի պատասխանել Դարչինյանի մարտահրավերին: «Նա այլևս երբեք չի ցանկանա մրցամարտել ինձ հետ... Գիտի, թե ինչ կլինի իրեն: Ես եմ դարձրել նրան այն, ինչ կա այժմ, և երբ մենամարտեմ նրա հետ, ես նրան ջարդուփշուր կանեմ և ձեռնունայն կթողնեմ»,- ասել է Դարչինյանը վերջերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Մարտի 6-ին չեմպիոնի կոչումը պաշտպանելուց հետո Դարչինյանը զգուշացրեց, որ սա Դոների համար վերջին հնարավորությունն է պատասխան տալու: «Գիտեմ, որ շատ հզոր եմ: Ուզում եմ առաջ գնալ, հաղթել չեմպիոններին: Բացի այդ, եթե Դոների հետ չմենամարտեմ, կցանկանայի, որ այս տղան (Գերերոն) կռվեր նրա հետ: [Դոները] կտեսնի, թե նա (Գերերոն) ոնց իր հախից կգա: Չեմ կարծում, թե հետս կմենամարտի: Նա վախեցած է: Չի ցանկանա»,- ըստ մի քանի բռնցքամարտի լրատվամիջոցների` ասել է հայազգի մարզիկը: Անցյալ տարի հուլիսին Դարչինյանն անհաջող մրցելույթ ունեցավ թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ակբեկոյի (53,5 կգ) հետ, որին պարտվեց միավորներով:
Other Articles in Բռնցքամարտ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.