Բռնցքամարտ. «Կատաղի ցուլը» նոր գոտի է նվաճում, սակայն դժգոհ է իր ելույթից

Բռնցքամարտ. «Կատաղի ցուլը» նոր գոտի է նվաճում, սակայն դժգոհ է իր ելույթից

Photo: www.myspace.com/darchinyan

Հինգշաբթի երեկոյան Ավստրալիայի Պարամատա քաղաքում WBC և WBA վարկածներով գերթեթև քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն Վիկ Դարչինյանը (35 հաղթանակ` 27-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) ավելի բարձր` թեթևագույն քաշային կարգում իր ուժերը չափեց Էրիկ Բարսելոնայի (51 հաղթանակ` 19-ը նոկաուտով, 18 պարտություն, 4 ոչ-ոքի) հետ: Մրցակիցները պայքարում էին IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում թափուր գոտու համար:


12 ռաունդ տևած մրցամարտում Դարչինյանը երեք անգամ նոկդաունի ենթարկեց ֆիլիպինցի ուժեղ մրցակցին` հաղթանակ տոնելով 120:103, 118:105 և 116:108 ընդհանուր հաշվով: Բարսելոնան ևս երկու միավոր կորցրեց գոտկատեղից ներքև հարվածելու համար:

Դարչինյանն ասաց, որ ձախ ձեռքի վնասվածքը խանգարեց իրեն` օգտագործելու իր հուժկու հարվածները: «Ես թույլ էի հարվածում»,- ասել է նա:

«Յուրաքանչյուր հարվածից հետո ստիպված էի հանգստանալ: Ձեռքս դեռ չէր լավացել և ամեն անգամ հարվածելիս ցավում էր: Շտապում էի նոկաուտի ենթարկել մրցակցիս, բայց չէր ստացվում: Շատ դժգոհ եմ ելույթիցս»:

Դարչինյանը նոկդաունի ենթարկեց մրցակցին 5-րդ և 11-րդ ռաունդներում, սակայն չկարողացավ վնասված ձեռքով գործի դնել իր հուժկու հարվածը:
Հայազգի բռնցքամարտիկն այժմ կհանգստանա մինչև չեմպիոնի գոտիներ նվաճելու հաղթարշավը շարունակելը:

«Հիմա մի քանի շաբաթ կհանգստանամ: Ձեռքս լավանալուց հետո կվերադառնամ ռինգ նոր գոտիներ նվաճելու»:

ԱրմենիաՆաուի էջերում