Վիկ Դարչինյանն ընդդեմ Աբներ Մարեսի
Այս շաբաթավերջին կայանալիք երկար սպասված պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ կաշվե ձեռնոցի վարպետները միմյանց հասցեին ռեպլիկներ են հնչեցրել:
Վանաձորցի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (35 հաղթանակ` 27-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի), որը հայտնի է «Կատաղի ցուլ» մականվամբ, շաբաթ` դեկտեմբերի 11-ին, Վաշինգտոն նահանգի Թաքոմա քաղաքի Emerald Queen («Զմրուխտե թագուհի») խաղատանն անցկացվելիք «Հաղթողն ստանում է ամեն ինչ» մրցաշարի կիսաեզրափակչի բացման հանդիպմանն իր ուժերը կչափի ծագող աստղ մեքսիկացի Աբներ Մարեսի (20 հաղթանակ` 13-ը նոկաուտով, ոչ մի պարտություն և 1 ոչ-ոքի) հետ:
Եթե երկու վարկածներով աշխարհի չեմպիոն Դարչինյանը հաղթի կիսաեզրափակչում, ապա կհանդիպի Բրոնքսից (Նյու Յորք) «Քինգ Քոնգ» մականվամբ Ջոզեֆ Ակբեկոյին (27 հաղթանակ` 22-ը նոկաուտով, 2 պարտություն), որին վերջին անգամ պարտվել է Դարչինյանը: 2009-ի հուլիսին կայացած հանդիպմանը մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են գանայացի բռնցքամարտիկին:
Կիսաեզրափակչի երկրորդ մրցամարտում Ակբեկոյի մրցակիցը կլինի Կալիֆորնիայի Սանտա Ֆե Սփրինգից Միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի վարկածով չեմպիոն կոլումբիացի Յոնի Պերեսի («Էլ Կոլումբիանո» մականվամբ) հետ:
Անկախ ցայսօր իրենց հաղթանակների և պարտությունների հարաբերակցությունից` բոլոր չորս մրցակիցներն էլ հնարավորություն ունեն դառնալու թեթևագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն:
Կիսաեզրափակչի հաղթողներն ու պարտվողներն այնուհետև ուժերը կչափեն միմյանց հետ:
Վերջերս անդրադառնալով առաջիկա մրցամարտին` Դարչինյանն ասել է. «Ամբողջովին կենտրոնացած եմ հանդիպման վրա: Առաջին անգամ է, որ այսքան երկար եմ մարզվել մրցելույթից առաջ: Նրա (Մարեսի) հետ հանդիպմանն ինձ շատ լավ կդրսևորեմ, կլինեմ արագ և ուժեղ: Նա ինձ երկար կհիշի»:
«Սա լինելու իմ շոուն, իմ մրցաշարը: Բոլորին ապացուցելու եմ, որ շատ արհեստավարժ եմ և լավ բռնցքամարտիկ: Շատ լավ եմ նախապատրաստվել և վստահ եմ»,- ասել է նա:
Մարեսը շատ ավելի զգուշավոր է Դարչինյանի մասին արտահայտվել` նկարագրելով նրան որպես «պինդ և ուժեղ բռնցքամարտիկի»:
«Վիկն ապացուցել է, որ տիրապետում է հուժկու հարվածների և ուժեղ մրցակից է,- ասել է նա: - Կարծում եմ` իմ առավելությունն արագությունս է լինելու: Լիովին պատրաստ եմ հանդիպմանը: Շատ եմ մարզվել, ու մեծ մրցամարտ է սպասվում»:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.