Արքայական ընծա. hայազգի բռնցքամարտի արքան 100.000 եվրոյի նվիրատվություն կանի Երևանի մարզադպրոցին

Արքայական ընծա. hայազգի բռնցքամարտի արքան 100.000 եվրոյի նվիրատվություն կանի  Երևանի մարզադպրոցին

Ֆոտոլուր

IBF վարկածով միջին քաշային կարգի նախկին չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում է մարզագույքի և բռնցքամարտի անհրաժեշտ պարագաների տեսքով 100.000 եվրոյի նվիրատվություն անել Երևանի այն մարզադպրոցին, որտեղ իր առաջին քայլերն է արել սպորտում:

Ծնունդով երևանցի 31-ամյա Աբրահամը (Ավետիք Աբրահամյանը) փայլուն մարզական կարիերա է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտում` ապրելով և մարզվելով Գերմանիայում: Մի քանի տարի առաջ «Արթուր արքա» մականվամբ նա հայտնի դարձավ տարիներ շարունակ տևած իր հաղթարշավով:

Անպարտելի մնալով միջին քաշային կարգում` Աբրահամն ի վերջո 2009 թ. որոշեց հանձնել IBF վարկածով չեմպիոնի իր գոտին և տեղափոխվել ավելի բարձր գերմիջին քաշային կարգ, որպեսզի մասնակցի «Սուպերվեցնյակ» մրցաշարին, որտեղ խաղարկվում են WBA և WBC վարկածներով գերմիջին քաշային կարգի չեմպիոնի գոտիները:

Չնայած մրցաշարում կրած մի քանի պարտությանը` Աբրահամը շարունակում միջազգային լայն հեղինակություն վայելել և Հայաստանում բազմաթիվ սկսնակ բռնցքամարտիկների համար մնալ որպես ընդօրինակման տիպար: Իր ողջ մարզական կարիերայի ընթացքում Աբրահամը ցույց է տվել իր «հայությունը» թե´ ռինգում և թե´ դրանից դուրս: Նա պարբերաբար այցելում է հայրենիք` արժանանալով թե´ հայաստանցիների և թե´ սփյուռքահայերի հարգանքին:

Ամառային արձակուրդի ընթացքում Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ Աբրահամը հայտարարել է, որ ծրագրում է Երևանում բռնցքամարտի դպրոց հիմնել (մի քանի տարի հետո բռնցքամարտիկի կարիերան ավարտելուց հետո), որը հնարավորություն կտա ապագա հայ բռնցքամարտիկներին մարզվել իրենց երկրում: Սակայն մինչ այդ հայտնի բռնցքամարտիկը որոշել է բռնցքամարտի համար անհրաժեշտ թանկարժեք պարագաներ նվիրել Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին:

Չորեքշաբթի Աբրահամը մարզադպրոցին հանդիսավոր պայմաններում կնվիրի մարզական գույք, տանձիկներ, բռնցքամարտի «թաթիկներ», բռնցքամարտիկների համար նախատեսված շապիկներ, վարտիքներ, մարզակոշիկներ, մարզահագուստ, պայուսակներ, ձեռնոցներ, գլխարկներ և այլն:

«Այս քայլով ուզում եմ երախտագիտությունս և խորին շնորհակալությունս հայտնել իմ մարզադպրոցին, որտեղ ժամանակին մարզվել եմ, և որն ինձ օգնել է հետագայում արդյունքների հասնել»,- ասել է Աբրահամը և հավելել, որ այսօր Հայաստանում շատ են խոստումնալից բռնցքամարտիկները և լավ մարզիչները:
ԱրմենիաՆաուի էջերում