Երախտագիտություն. հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Երևանի մարզադպրոցին 100.000 եվրոյի նվիրատվություն է անում

Երախտագիտություն. հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Երևանի մարզադպրոցին 100.000 եվրոյի նվիրատվություն է անում

Ֆոտոլուր

Հայազգի անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը թանկարժեք նվերներ հանձնեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին` այսպես իր շնորհակալությունը հայտնելով այն դպրոցին, որտեղ կատարել է իր առաջին քայլերը սպորտում:

Շուրջ 100 հազար եվրո արժողությամբ մարզագույքն ու բռնցքամարտի համար անհրաժեշտ պարագաները` տանձիկներ, բռնցքամարտի «թաթիկներ», բռնցքամարտիկների համար նախատեսված շապիկներ, վարտիքներ, մարզակոշիկներ, մարզահագուստ, պայուսակներ, ձեռնոցներ, գլխարկներ և այլն, չորեքշաբթի բռնցքամարտիկն անձամբ հանձնեց իր նախկին դպրոցի 50 սաներին և մարզիչներին:

«Այս նվիրատվությունն ինձ համար իմ սրտի ցանկությունն էր, և ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս դպրոցին, որտեղ սովորել եմ, մարզվել եմ և ունեցել եմ լավ մարզիչներ, դրա համար էլ ուզում եմ այս նվերները հանձնել այն բոլոր աշակերտներին, ովքեր զբաղվում են սպորտով, այսպես իրենց ոգևորել, որ իրենք ավելի լավ պարապեն և իրենք էլ դառնան չեմպիոններ»,- ասել է մարզիկը:

Ամբողջ մարզագույքն աշխարհահռչակ «Ադիդաս» ֆիրմայինն է, քանի որ յուրաքանչյուր մրցման ժամանակ Աբրահամը դնում է հենց այս ֆիրմայի ձեռնոց: Իր վերջին մենամարտից առաջ ֆիրմայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գումարի փոխարեն մարզիկին տան տրամադրվելիք գումարի կրկնակիին համարժեք մարզական իրեր, որը և օգտագործվել է բարեգործական հիմունքներով:

Դեռևս 1959 թվականին հիմնադրված բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն իր բոլոր մարզային մասնաճյուղերով հանդերձ, այսօր ունի շուրջ 500 աշակերտ, սակայն դպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանն ասում է, որ դպրոցն անմխիթար վիճակում է, և Աբրահամի նվիրած մարզագույքը շատ անհրաժեշտ էր դպրոցին:

«Մեզ ինչ էլ տային, շնորհակալ կլինեինք, մանավանդ մեր նախկին սանի կողմից, որն այս պատերի մեջ քրտինք է թափել: Սա մեր սաների համար խթան կլինի, և նրանք էլ կձգտեն հաղթանակների»,- ասում է Ղազարյանը` հավելելով, որ նվերները կնպաստեն նոր չեմպիոնների պատրաստմանն ու միջազգային ասպարեզ դուրսբերմանը:

Հայաստանի հավաքականի 25 երեխաներ ևս նվերներ կստանան Աբրահամից, և մարզիկը խոստացավ, որ ՀՀ-ում բռնցքամարտի զարգացմանը միտված նմանօրինակ բարեգործական միջոցառումներ առաջիկայում ևս կկազմակերպի:

Աբրահամը տեղեկացրեց նաև, որ Երևանի քաղաքապետարանի հետ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և ինքը կարիերայի ավարտից հետո Երևանում բռնցքամարտի նոր դպրոց կհիմնի, որտեղ դպրոցի սաները մարզումներին զուգահեռ կսովորեն նաև գերմաներեն և անգլերեն:

Բռնցքամարտիկը վստահ է, որ Հայաստանում տաղանդաշատ մարզիկներն ու մարզիչները շատ են, և կարծում է, որ բռնցքամարտը մեծ հեռանկարներ ունի Հայաստանում:

«Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ձեռքբերումների համար Հայաստանին դեռ ժամանակ է հարկավոր, բայց սիրողական բռնցքամարտում շատ ուժեղ երեխաներ կան, ովքեր պրոֆեսիոնալ շուկա կարող են դուրս գալ և աշխարհի առաջնությունների մասնակցել»,- ասում է IBF վարկածով միջին քաշային նախկին չեմպիոնը:

Անդրադառնալով մարզական իր առաջիկա ծրագրերին` մարզիկն ասաց, որ ծրագրում է 2-3 վարկանիշային մրցամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում, որից հետո կմենամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

«Այն, ինչ կորցրել եմ, հետ կվերադարձնեմ»,- խոստացավ բռնցքամարտիկը:
ԱրմենիաՆաուի էջերում