Բռնցքամարտ. «Կատաղի ցուլը» հիացնում է հայրենակիցներին, Հայաստանը հաղթում է «Աշխարհին»
«Հայաստանն ընդդեմ աշխարհի» միջազգային մրցաշարի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավարտվեց 4:0 հօգուտ հյուրընկալող երկրի: «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում հազարավոր մարզասերների, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի և այլ հեղինակավոր հյուրերի ներկայությամբ 35-ամյա «Կատաղի ցուլ» մականվամբ բռնցքամարտիկը բոլոր 12 ռաունդներում առավելության հասավ իր պակաս փորձառու մրցակցի` 29-ամյա Մբամբայի նկատմամբ: Վանաձորցի բռնցքամարտիկն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է մենամարտի հենց սկզբում նոկաուտի ենթարկել մրցակցին: Նա մինչև մրցամարտի ավարտը շարունակ հարվածներ էր տեղում Մբամբայի վրա, որի արդյունքում բոլոր երեք մրցավարներն էլ հաղթանակը (119:107, 120:107, 120:107) շնորհեցին հայազգի բռնցքամարտիկին: Մրցելույթից հետո համալիրում հավաքված մարզասերների հետ խոսելով` Դարչինյանն ասաց, որ իր վերջին հաղթանակը նվիրում է Հայաստանի անկախության 20-ամյակին, որը պետք է նշվի սեպտեմբերի 21-ին: Նա իր գոտին նվիրեց նախագահ Սարգսյանին: «Պատրաստվում էի ծանր նոկաուտի ենթարկել մրցակցիս…, սակայն մի քիչ շտապում էի»,- ասաց չեմպիոնը հարցազրույցի ժամանակ` հասկացնելով, որ դեռ վաղ է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի իր կարիերան ավարտելու մասին մտածելը: Ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Դարչինյանի թիմակիցներ Ազատ Հովհաննիսյանը (Հայաստան, 55,5 կգ), Հովհաննես Ժամկոչյանը (60 կգ) և Գաբրիել Տոլմաջյանը (59 կգ) 6 ռաունդանոց մրցամարտերում հաղթեցին համապատասխանաբար Սերգեյ Թասիմովին (Էստոնիա), Միխայիլ Գոգոլաշվիլիին (Վրաստան) և Եվգենի Ֆեոդորովին (Լատվիա): Հովհաննիսյանն ու Ժամկոչյանն իրենց մրցելույթներն ավարտեցին նոկաուտներով, իսկ Տոլմաջյանը` միավորների առավելությամբ:
Other Articles in Բռնցքամարտ
|
Readers' comments
-Rick Ney, AM
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.