Բռնցքամարտ. Բաքվում անհաջող մրցելույթներ ունեցող հայ բռնցքամարտիկների անվտանգության խնդիրները

Բռնցքամարտ. Բաքվում անհաջող մրցելույթներ ունեցող հայ բռնցքամարտիկների անվտանգության խնդիրները

Photo: www.aiba.org

Բաքվում մրցելույթների ժամանակ հայ բռնցքամարտիկների նկատմամբ լրացուցիչ ճնշումներ են գործադրվում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները, որոնք առայժմ անհաջող մրցելույթներ են ունենում, ինչպես հաղորդվում է, ստիպված են մարտը վարել արտակարգ պայմաններում:

Հայաստանի հավաքականի ութ ներկայացուցիչների մեծ մասը պարտվել է առաջին իսկ մրցելույթներում, իսկ նրանցից մեկն ընդհանրապես ռինգ դուրս չի եկել վնասվածքի պատճառով:

Մինչ այսօր միայն Հրաչիկ Ջավախյանն (64 կգ) ու Անդրանիկ Հակոբյանն (75 կգ) են հաղթանակ տոնել իրենց առաջին մրցելույթներում: Ավելի ուշ` երկրորդ մրցափուլում, Ջավախյանը պարտություն է կրել:

Բաքվում Հայաստանի պատվիրակությանը (13 հոգի) և Ռուսաստանի թիմին, որի կազմում ծագումով հայ երկու բռնցքամարտիկներ կան, անվտանգության նկատառումներով առանձին են տեղավորել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, սակայն, հայ բռնցքամարտիկների մրցելույթները Բաքվի Հեյդար Ալիևի անվան մարզահամերգային համալիրի ռինգում լարված են անցել. տրիբունաներից աննախադեպ ճնշումներ են գործադրել հայ մարզիկների վրա, քանի որ մարզասերները սուլել և հայհոյել են Երևանից հյուրերին: Մի դեպքում էլ որոշ ազգայնամոլներ քարեր են նետել հայ բռնցքամարտիկների ուղղությամբ և հակահայկական վանկարկումներ արել: Հայաստանի պատվիրակությունն ավելի ուշ հաղորդել է, որ հայ մարզիկներից ոչ մեկը երկրպագուների ագրեսիվ գործողություններից վնասվածքներ չի ստացել:

Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների հետևանքով երկու հանրապետությունների մարզիկները հազվադեպ և հույժ անհրաժեշտության դեպքում են մեկնում հարևան երկիր` մասնակցելու որևէ մրցաշարի կամ առաջնության, այն էլ` միայն միջազգային անվտանգության մեծ երաշխիքների պայմաններում:

Բաքվում ընթացող առաջնությանը մասնակցելը կարևոր էր հայ բռնցքամարտիկների համար, քանի որ առաջին ութ տեղերը զբաղեցրած մարզիկները կվաստակեն նաև Լոնդոնում ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր:
ԱրմենիաՆաուի էջերում