Շախմատի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակները (այդ թվում` ԱՄՆ-ի նկատմամբ) և ցավալի պարտությունները
Դժվարին պայքար, փայլուն հաղթանակ: Երեքշաբթի Հայաստան-ԱՄՆ մրցամարտում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց Նակամուրա Հիկարույին, իսկ Արոնյանի թիմակիցները ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ` 2,5:1,5 հաշվով հաղթանակ բերելով Հայաստանին: Այսօր կանցկացվի առաջնության վերջին տուրը: 17,5 միավորով Հայաստանը տասը թիմերի շարքում 5-րդն է: Առաջատարը Ռուսաստանն է` 21 միավորով, որին հաջորդում են ԱՄՆ-ը (19,5 միավոր), Ադրբեջանը (20,5 միավոր) և Հնդկաստանը (17,5 միավոր): Վերջին տուրում Հայաստանի մրցակիցը Եգիպտոսն է: Մյուս զույգերն են` Ադրբեջան-ԱՄՆ, Իսրայել-Ռուսաստան, Բրազիլիա-Հնդկաստան և Հունաստան-Թուրքիա: Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, որը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը, որոնք խաղում են երկրորդից չորրորդ խաղատախտակների վրա, ինչպես նաև երկու պահեստային խաղացողներ` Տիգրան Լ. Պետրոսյանը և Տիգրան Քոթանջյանը: Ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի փայլուն ելույթները ստվերեցին անսպասելի ձախողումները: 2006 և 2008 թթ. շախմատի օլիմպիական չեմպիոն Հայաստանի հավաքականն առաջին տուրում ցավալի պարտություն կրեց Ադրբեջանի ընտրանուց: Այնուհետև հայ շախմատիստները վերագտան իրենց խաղը` տանելով մի շարք հաղթանակներ Իսրայելի, Թուրքիայի և Բրազիլիայի հավաքականների նկատմամբ և ոչ-ոքի խաղացին առաջնության առաջատարներից մեկի` Հնդկաստանի ընտրանու հետ: 6-րդ տուրում Հայաստանը կարևոր միավորներ կորցրեց, որոնք կարող էին ոսկե մեդալ բերել օլիմպիական չեմպիոններին. աչքի չընկնող Հունաստանի ընտրանին 1:3 հաշվով անսպասելի պարտության մատնեց Հայաստանի հավաքականին, որից հետո վերջինս հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: 7-րդ և 8-րդ տուրերում Ռուսաստանի հետ ոչ-ոքին և ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակը բրոնզ կամ արծաթ շահելու հնարավորություն է ընձեռում օլիմպիական չեմպիոններին (եթե վերջին տուրում իրադարձությունները զարգանան հօգուտ Հայաստանի), ինչը, սակայն, այնքան էլ չի գոհացնում հայ մարզասերներին, ովքեր սովոր էին ուրախանալ իրենց սիրած թիմի փայլուն հաղթանակներով:
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.