Սպորտ. Հայաստանն ունի շախմատի նոր չեմպիոններ, սպորտի և երիտասարդության հարցերի նոր նախարար
Հայաստանի շախմատի նոր չեմպիոն Ավետիք Գրիգորյանը: Շաբաթ ավարտված մրցաշարում, որին մասնակցում էին տասը շախմատիստ, 20-ամյա Գրիգորյանն ավելի հաջող հանդես եկավ, քան ավելի բարձր անհատական վարկանիշ ունեցող մրցակիցները: (Հայաստանի չորս առաջատար շախմատիստները, այդ թվում` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և անցյալ տարվա չեմպիոն Արման Փաշիկյանը չէին մասնակցում այս տարվա առաջնությանը:) Առաջին հորիզոնականը զբաղեցրած Գրիգորյանն առաջնությունն ավարտեց 7,5 միավորով` երկրորդ, երրորդ և չորրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներից` Տիգրան Պետրոսյանից, Զավեն Անդրիասյանից և Արտաշես Մինասյանից 2 միավոր մաքուր առավելությամբ: Նոր չեմպիոնի հաջողությունը և սեփական վարկանիշի բարձրացումը հավանաբար նրան իրավունք կտան հանդես գալու օլիմպիական կրկնակի (2006, 2008 թթ.) չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում և մասնակցելու սեպտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի օլիմպիադային, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այս ամենից զատ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է 2007 թվականից սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գրիգորյանի փոխարեն նախարարի պաշտոնը, որի պորտֆելը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, կզբաղեցնի նույն կուսակցության ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանը: Պետրոսյանը, որը 2003-2007 թթ. եղել է ԱԺ պատգամավոր, մինչև նոր նշանակումը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը: «Բարգավաճ Հայաստանին» անդամակցում է է 2009 թվականից: Ո´չ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը, որը նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, ո´չ էլ նախկին նախարարը դեռևս չեն մեկնաբանել այս փոփոխությունները:
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.