Շախմատ. Հայաստանը պահպանում է առաջատար դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
Արոնյանը շարունակում է մնալ աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակի 5-րդ տեղում: Մայիսի 1-ին ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի, որում ընդգրկված են 100 շախմատիստ, առաջին յոթ հորիզոնականները մնացել են անփոփոխ: Առաջատարների եռյակում են նորվեգացի 20-ամյա Մագնուս Կարլսենը (2813), բուլղարացի Վեսելին Տոպալովը (2812) և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2790): Հնդիկ Վիշվանաթան Անանդը, որն այժմ պաշտպանում է աշխարհի չեմպիոնի կոչումը Տոպալովի հետ մրցապայքարում, 4-րդ հորիզոնականում է` 2789 նիշով: 27-ամյա հայազգի շախմատիստը նրանցից հետ է մնում 6 նիշով: Ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը հաջորդում է Արոնյանին` զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը` 2763 նիշ: ՖԻԴԵ-ի (www.fide.com) վարկանիշային աղյուսակի 100 տղամարդ շախմատիստների թվում են Հայաստանը ներկայացնող ևս երկու գրոսմայստերներ` Վլադիմիր Հակոբյանը (43-րդը) և Գաբրիել Սարգսյանը (55-րդը): Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանն աղյուսակում 25-րդն է: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի կին 100 գրոսմայստերների թվում են երեք հայազգի գրոսմայստերներ: Նրանցից առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (26-րդ հորիզոնականում` 2477 նիշով), երկրորդը` Էլինա Դանիելյանը (29-րդ) և երրորդը Լիլիթ Գալոյանն է (66-րդ): Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է Յուդիթ Փոլգարը (2682): 139 երկրների շարքում 10-ական լավագույն շախմատիստների միջին վարկանիշով Հայաստանը 10-րդն է (2631 ընդհանուր վարկանիշով` Հայաստանն ունի 20 գրոմայստեր, 30 միջազգային վարպետ և ընդհանուր առմամբ կոչումներ ունեցող 73 շախմատիստ): ՖԻԴԵ-ի երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը (2731): Երկրորդ հորիզոնականում է Ուկրաինան (2688), երրորդում` Չինաստանը (2648): Վարկանիշային ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ http://ratings.fide.com/topfed.phtml Մինչ այդ, Հայաստանի լավագույն շախմատիստ Արոնյանը նշել է, որ չի մասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը, եթե դրա անցկացման վայրը ընտրվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Անցյալ շաբաթ հրապարակած հայտարարությունում Արոնյանն արձագանքել էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի խոսքին, որը ռուսաստանյան «Սպորտ-էքսպրես» թերթին (2010 թ. ապրիլի 28-ին) տված հարցազրույցում ասել էր, թե չի բացառում Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելիք հավակնորդների մրցաշարին հայազգի շախմատիստի մասնակցությունը: Արոնյանը հայտարարել է, որ «երբեք չի համաձայնել և չի համաձայնի» մասնակցել թեկնածուների խաղերին Բաքվում: Խնդրի առնչությամբ Հայաստանի շախմատի ֆեդերացիան նույնպես հայտարարել է, որ պաշտոնական նամակով դիմել է Իլյումժինովին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդ, «Սպորտ-էքսպրես» թերթ և շախմատային կյանքը լուսաբանող այլ պարբերականներ: Հավակնորդների մրցաշարում, որին կմասնակցեն ութ շախմատիստ (այդ թվում` 2008-2009 թթ. ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցանակի հաղթող Արոնյանը), կորոշվի 2011 թ. աշխարհի առաջնության չեմպիոնի հավակնորդը: Ինչպես հաղորդվում է` ՖԻԴԵ-ի կոնգրեսն անցյալ տարի որոշել է 2010-2011 թթ. մրցաշարը բաժանել երկու մասի, ինչը հնարավորություն կտա հայ շախմատիստին խուսափելու Ադրբեջանում խաղալուց: (Աղբյուրը` ՖԻԴԵ, armchess.am)
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.