Ֆոտոլուր
Արոնյանը, փաստորեն, ստիպված չի լինի Բաքու մեկնել:
Շախմատի միջազգային կառավարող մարմինը հաստատել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերը կանցկացվեն երկու երկրներում: Այդ կերպ Հայաստանի լավագույն շախմատիստը կազատվի Ադրբեջանում խաղալու խնդրից:
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցանակի 2008-2009 թթ. հաղթող Լևոն Արոնյանն այն ութ գրոսմայստերներից է, որոնք կմասնակցեն հավակնորդների մրցախաղին, որտեղ կորոշվի աշխարհի չեմպիոնի կոչման հաջորդ հավակնորդը:
Ապրիլին Հայաստանի շախմատի վարպետը հայտարարել էր, որ չի մասնակցի շախմատի աշխարհի առաջնության որակավորման խաղերին, եթե դրանք անցկացվեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Խնդրի առնչությամբ Հայաստանի շախմատի ֆեդերացիան նամակ էր ուղարկել ՖԻԴԵ-ին:
Ըստ armchess.am կայքի` ՖԻԴԵ-ն հայտնել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերը կանցկացվեն երկու երկրներում: Նախատեսվում է, որ ութ հավակնորդներից չորսը կխաղան Բաքվում, իսկ մյուս չորսը, այդ թվում` Լևոն Արոնյանը` այլ երկրում, որը կճշգրտվի լրացուցիչ:
Արոնյանի յոթ մրցակիցներից վեցն արդեն հայտնի են. Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Գաթա Կամսկի (ԱՄՆ), Բորիս Գելֆանդ (Իսրայել) և Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան):
Նախնական որոշման համաձայն` խաղերը, որոնք կմեկնարկեն 2011 թ. մարտի 1-ին, կանցկացվեն նոկաուտ համակարգով:
Ութ շախմատիստների մասնակցությամբ մրցախաղի հաղթողը 2012 թ. ուժերը կչափի Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.