Շախմատ. կանանց «Գրան պրին» Ջերմուկում մոտենում է ավարտին

Շախմատ. կանանց «Գրան պրին» Ջերմուկում մոտենում է ավարտին

Ֆոտոլուր

Վրացուհի Նանա Ձագնիձեին անհրաժեշտ է ոչ-ոքի խաղալ Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկում անցկացվող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» մրցաշարի վերջին` 11-րդ մրցափուլում:


Ջերմուկում անցկացված տասը մրցափուլից հետո վրացուհի գրոսմայստերը վաստակել է 8,5 միավոր: Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Կոսինցևան առաջատարից հետ է մնում մեկ միավորով: Յոթ երկրների 12 կին գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարում Վրաստանը և Ռուսաստանը ներկայացնող երկու շախմատիստուհիները հավանաբար կզբաղեցնեն առաջին և երկրորդ հորիզոնականները:

Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը տասը խաղում վաստակել է 6, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Էլինա Դանիելյանը, 5,5 միավոր: Երկու շախմատիստուհիներն էլ երկուշաբթի նախատեսված եզրափակիչ խաղերից առաջ դեռևս պահպանում են լավագույն եռյակում ընդգրկվելու հնարավորությունը:

«Գրան պրին» բաղկացած է վեց մրցաշարերից (Ջերմուկինը 4-րդն է), որոնցում կորոշվի կանանց աշխարհի չեմպիոնի հավակնորդը: Հաղթողին որոշելու համար հաշվի կառնվեն վեց մրցաշարում ցուցաբերած երեք լավագույն արդյունքները:

Ջերմուկի մրցաշարին մասնակցում են նաև Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան), Շեն Յանգը (Չինաստան) և Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա):

ԱրմենիաՆաուի էջերում