Շախմատ. Արոնյանը Շանհայի մրցաշարում` օլիմպիադային ընդառաջ

Շախմատ. Արոնյանը Շանհայի մրցաշարում` օլիմպիադային ընդառաջ

Photo: www.bilbaofinalmasters.com

Լևոն Արոնյանը մասնակցում է խոշոր մրցաշարի շախմատի առաջնությունում Հայաստանի թիմին միանալուց առաջ:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, որն այս ամսվա վերջին շախմատի օլիմպիադայում կմիանա Հայաստանի հավաքականին, անցյալ երկուշաբթի մասնակցեց 2010 թ. Մեծ սաղավարտի խաղարկության մրցաշարի 4-րդ տուրին: Հայազգի շախմատիստը մրցաշարի առաջատարի դիրքը կիսում է Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ:

Չորս շախմատիստի մասնակցությամբ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող մրցաշարի առաջին տուրն ավարտվեց կիրակի: Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց չինացի շախմատիստ Հաո Վանին, ոչ-ոքի խաղաց (սպիտակներով) Շիրովի և (սևերով) ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Կրամնիկը և Հաո Վանը զբաղեցրել են երրորդ և չորրորդ հորիզոնականները` համապատասխանաբար 3 և 1 միավորներով:

2010 թ. Մեծ սաղավարտի խաղարկության մրցաշարի եզրափակչի առաջին մրցափուլը կավարտվի սեպտեմբերի 8-ին Շանհայում: Չորս գրոսմայստերներից երկուսը կորակավորվեն` հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում մրցաշարի երկրորդ մրցափուլին մասնակցելու համար: Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) կմիանան Շանհայի հաղթողներին և կմասնակցեն եզրափակչի երկրորդ և եզրափակիչ փուլին:

(Մեծ սաղավարտի խաղարկության մրցաշարի եզրափակչում գրոսմայստերներին 40 քայլի համար հատկացվում է 90 րոպե, ապա 60 րոպե` խաղն ավարտելու համար: 41-րդ քայլից հետո մասնակիցները 10 հավելյալ վայրկյան ունեն յուրաքանչյուր քայլի համար: Կազմակերպիչներն օգտագործում են և´ «Սոֆիայի կանոնը» (խաղացողներն իրավունք չունեն ոչ-ոքի համաձայնել առանց մրցավարի թույլտվության), և´ արդյունքների գրանցման «ֆուտբոլային» համակարգը. շախմատիստները հաղթանակի դեպքում վաստակում են 3, ոչ-ոքիի դեպքում` 1 և պարտվելիս` 0 միավոր:)

Այս ամսվա վերջին Արոնյանը կմիանա հայաստանցի իր թիմակիցներին, որոնք կմասնակցեն սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկող շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադային:

Հայաստանի շախմատային armchess.am կայքը հաղորդում է, որ Արոնյանի բացակայությամբ` Հայաստանի հավաքականի (վերջին երկու` 2006 և 2008 թթ. օլիմպիադաների հաղթող) անդամներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը` ավագ մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ, երկու տարին մեկ անցկացվող օլիմպիադային ընդառաջ, սեպտեմբերի 1-ից ավելի քան երկու շաբաթ պարապմունքներ կանցկացնեն Ջերմուկում:

Ջերմուկում Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Անաստասյանի գլխավորությամբ իրենց հավաքն են անցկացնում նաև հայ շախմատիստուհիները: Խանտի Մանսիյսկ թիմը կմեկնի հետևյալ կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան, Անահիտ Խառատյան:
ԱրմենիաՆաուի էջերում