Շախմատային գերտերություն. հայ գրոսմայստերները վայելում են աշխարհի թիմային առաջնությունում նվաճած չեմպիոնի կոչումը

Շախմատային գերտերություն. հայ գրոսմայստերները վայելում են աշխարհի թիմային առաջնությունում նվաճած չեմպիոնի կոչումը

Ֆոտոլուր

Ուրբաթ երևանյան մամուլի ակումբներից մեկում լրագրողները շամպայնով ու շնորհավորանքներով դիմավորեցին շախմատի Հայաստանի հավաքականի անդամներին, որոնք այս շաբաթվա սկզբին հաղթող էին ճանաչվել Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի ութերորդ առաջնությունում:

Անպարտելի մնալով թիմային մակարդակում և անհատական փայլուն խաղ ցուցադրելով` Հայաստանի հավաքականն ինը տուրից բաղկացած մրցաշարում պարտության է մատնել այնպիսի հզոր շախմատային գերտերությունների, ինչպիսիք են` Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը և այլն:

Հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանն ասում է, որ մրցաշարին մասնակցող տասը հավաքականների միջին գործակիցը շատ բարձր էր, ինչն ավելի էր դժվարացնում պայքարը չեմպիոնի կոչման համար:

«Ծանր, դժվար, ուժեղ մրցակցություն էր: Շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց առանց պարտությունների անցկացնել այդ մրցումը և նվաճել հաղթանակը: Թեժ պայքար էր, և պատկերացրեք, որ Ռուսաստանի թիմը, որի միջին գործակիցը 2756 էր, երեք անգամ պարտության մատնվեց: Սա խոսում է այն մասին, թե որքան ուժեղ էին մասնակից թիմերը»,- ասում է Պետրոսյանը:

Սա Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակը չէր միջազգային խոշոր մրցաշարում: Հայ շախմատիստները թիմային մակարդակով երկու անգամ անընդմեջ հաղթանակ են տոնել շախմատի օլիմպիադայում 2006 և 2008 թթ:

Չորրորդ խաղատախտակի մոտ հանդես եկող Հայաստանի ընտրանու անդամներից Գաբրիել Սարգսյանն ասում է, որ արդեն հինգերորդ մրցափուլից հետո, երբ հայ շախմատիստները պարտության էին մատնել հյուրընկալող թիմին` Չինաստանի ընտրանուն, հավաքականի անդամները համոզված էին, որ հաղթելու են այս առաջնությունում:

«Խաղում էին ուժեղագույնները, բայց քանի որ մենք բազմիցս հաղթել ենք, մեզ մոտ այդ հաղթողի հոգեբանությունը կա: Խաղալուց էական չէր, թե որ թիմի հետ ենք խաղում, ավելի դժվար էր վերջում, երբ մոտենում էինք մեր նպատակին ու գիտեինք, որ հաղթելու ենք»,- ասում է երիտասարդ գրոսմայստերը:

Ըստ մասնագետների` Հայաստանի շախմատի հավաքականի հաջողությունը թիմային ոգի ունենալու մէջ է:

«Բոլորը մեկի և մեկը բոլորի համար. սա´ է խոսում մեր թիմում: Մթնոլորտը մեզ մոտ ընտանեկան է, ինչը շատ կարևոր է թիմային մրցումների ժամանակ: Բոլորը լինում են նպատակասլաց, ուզում են ինչ-որ բանի հասնել: Կանգնած են իրար մեջքի»,-բացատրում է հավաքականի մարզիչը:

Նինբոյում Հայաստանը ներկայացնում էին նաև ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակով երրորդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը (առաջին խաղատախտակի մոտ), գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը, համապատասխանաբար` երկրորդ և երրորդ խաղատախտակների մոտ, և պահեստային խաղացող Ռոբերտ Հովհաննիսյանը:
ԱրմենիաՆաուի էջերում