Շախմատ. ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Արոնյանը մնում է երրորդը

Շախմատ. ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Արոնյանը մնում է երրորդը


Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է երրորդ հորիզոնականն աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում, որը 2011 թ. նոյեմբերի 1-ին հրապարակել է շախմատի միջազգային կառավարող մարմինը` ՖԻԴԵ-ն:

100 լավագույն շախմատիստների ցուցակում (հրապարակվում է երկու ամիսը մեկ) Արոնյանն ունի 2802 միավոր և զիջում է նորվեգացի Մագնուս Կարլսենին (2826 միավոր) և հնդիկ Վիշվանաթան Անանդին (2811 միավոր):

ՖԻԴԵ-ի (www.fide.com) 100 լավագույն շախմատիստների թվում են նաև հայազգի գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը (34-րդ հորիզոնական, 2710 միավոր), Վլադիմիր Հակոբյանը (63-րդ հորիզոնական, 2681 միավոր) և Գաբրիել Սարգսյանը (73-րդ տեղում, 2671 միավոր):

ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշային աղյուսակում 100 լավագույն շախմատիստների շարքում են հայտնվել նաև երեք հայուհի գրոսմայստերներ: Նրանցից ամենաբարձր վարկանիշն ունի Էլինա Դանիելյանը (16-րդ հորիզոնական, 2507 միավոր), ապա Լիլիթ Մկրտչյանը (29-րդ հորիզոնական, 2469 միավոր) և Լիլիթ Գալոյանը (78-րդ հորիզոնական, 2383 միավոր):

Կին շախմատիստների մրցաշարային աղյուսակը 2710 միավորով գլխավորում է հունգարացի Հուդիթ Պոլգարը:

145 երկրների շարքում 10 լավագույն շախմատիստների միջին վարկանիշով Հայաստանը 6-րդն է (2655 միջին միավոր, ունի 33 գրոսմայստեր, 21 միջազգային վարպետ, 80 տիտղոսավոր շախմատիստ):

ՖԻԴԵ-ի շախմատային գերտերությունների ցուցակը գլխավորում է Ռուսաստանը (2747 միավոր), երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Ուկրաինան (2695) և Ֆրանսիան (2659):

Վարկանիշային աղյուսակի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://ratings.fide.com/toplist.phtml
ԱրմենիաՆաուի էջերում