Շախմատ. Արոնյանը ռեկորդային ցուցանիշ է գրանցում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում
Շախմատի միջազգային մարմնի 100 լավագույն շախմատիստների աղյուսակում, որը հրապարակվում է յուրաքանչյուր երկու ամիսը մեկ, երկրորդ հորիզոնականը զբաղեցնելը ռեկորդային ցուցանիշ է 29-ամյա հայ շախմատիստի համար, որը 2010 թ. նոյեմբերին հաղթահարելով 2800 վարկանիշային շեմը (այդ ցուցանիշով Արոնյանը վեցերորդ շախմատիստն է աշխարհում)` հանգրվանել էր երրորդ հորիզոնականում: Ներկայումս իր ակտիվում ունենալով 2805 միավոր՝ Արոնյանը 30 միավորով զիջում է դասակարգման վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականը զբաղեցնող նորվեգացի Մագնուս Կարլսենին և 4 միավորով առաջ է անցել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից (Ռուսաստան): ՖԻԴԵ-ի աշխարհի 100 լավագույն շախմատիստների աղյուսակում (www.fide.com) ընդգրկվել են նաև Սերգեյ Մովսիսյանը (43-րդ հորիզոնական, 2700 միավոր), Վլադիմիր Հակոբյանը (64-րդ հորիզոնական, 2685 միավոր) և Գաբրիել Սարգսյանը (66-րդ հորիզոնական, 2700 միավոր): ՖԻԴԵ-ի 100 լավագույն կին շախմատիստների ցուցակում ընդգրկվել են երեք հայ շախմատիստուհիներ: Նրանցից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրել է Էլինա Դանիելյանը (20-րդ հորիզոնական, 2490 միավոր), նրան հաջորդում է Լիլիթ Մկրտչյանը (31-րդ հորիզոնական, 2458 միավոր) և Լիլիթ Գալոյանը (97-րդ հորիզոնական, 2366 միավոր): Վարկանիշային աղյուսակը 2710 միավորով գլխավորում է հունգարացի Յուդիթ Փոլգարը: 125 շախմատային երկրների թվում, որոնց վարկանիշային դասակարգման համար հիմք է ընդունվել տվյալ երկրի 10 լավագույն շախմատիստների միջին վարկանիշը, Հայաստանը նոյեմբերի համեմատությամբ մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքը և ներկայումս 5-րդ հորիզոնականում է (միջին վարկանիշը 2657 միավոր, ունի 33 գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ, «ընդհանուր տիտղոսակիր»` 84 շախմատիստ): ՖԻԴԵ-ի երկրների վարկանիշային դասակարգման աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը (2748 միավոր), որին հաջորդում են Ուկրաինան (2693 միավոր), Ֆրանսիան (2661 միավոր) և Հունգարիան (2657 միավոր):
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.