Հետադարձ հայացք սպորտին. «Հատիսն» աշխուժացնում է մարզական տարին, իսկ ֆուտբոլում հիասթափությունները շարունակվում են
Մասնակցելով Եվրագավաթի առաջնությանը` «Հատիսի» կանանց բասկետբոլի թիմն արժանացավ մարզասերների բուռն աջակցությանը: Ուշ աշնանը-վաղ ձմռանը հինգշաբթի օրերին Երևանում երկրպագուներով լի բասկետբոլի մարզադահլիճները սովորական են դարձել. Խորհրդային Հայաստանում հայտնի բասկետբոլի կանանց թիմը, որն ավելի քան երկու տասնամյակ մոռացության էր մատնվել, մարզական կյանք վերադարձավ` կրկին գերելու հայ մարզասերների սրտերը: «Հատիսը», որը ժամանակին հանդես էր գալիս բարձր մակարդակի խորհրդային մրցաշարերում, առաջին անգամ մասնակցելով եվրոպական մրցաշարի, փայլուն ելույթ ունեցավ որակավորման փուլում: Ազգային առաջնությունում լինելով անզուգական`թիմը, որի կազմում ընդգրկված են հիմնականում արտասահմանցի խաղացողներ (Սերբիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և նույնիսկ ԱՄՆ-ից ու Ճամայկայից), հաջողության հասավ միջազգային մակարդակում` մրցելով հզոր հույների, ինչպես նաև ռուսաստանյան և թուրքական ուժեղ թիմերի հետ: «Բեշիկթաշի» նկատմամբ Ստամբուլում և Երևանում տարած հաղթանակները ոգևորեցին նույնիսկ նրանց, ովքեր բասկետբոլով քիչ են հետաքրքրվում, սակայն կարոտ են սպորտում ցանկացած հայկական թիմի հաջողության: «Այս հաղթանակը պատկանում է ողջ հայ ժողովրդին»,- ասաց թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը թուրքական թիմի նկատմամբ Ստամբուլում տարած առաջին հաղթանակից հետո: «Թուրքերի հետ մրցապայքարում մեր թիմը վեց հոգուց էր բաղկացած»,- ասաց նա` նկատի ունենալով սեփական հարկի տակ թուրքերի հետ հանդիպման ընթացքում մարզադահլիճում հավաքված երկրպագուների բուռն աջակցությունը, ինչպես նաև որոշ գործարարների, որոնք, հավանաբար, կշարունակեն սատարել «Հատիսի» հաջողությանը: «Հատիսի» հաջորդ մրցակիցը լինելու է Ռուսաստանի «Նադեժդա» թիմը հունվարի 7-ին: Ծանրամարտ Հարավային Կորեայում` աշխարհի առաջնությունում, Նազիկ Ավդալյանը (69 կգ) նվաճեց հիշարժան ոսկե մեդալ Հայաստանի ծանրամարտի համար: 23-ամյա գյումրեցի ծանրորդը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը և 10-րդը` ընդհանուր հաշվով: Այս եզակի նվաճումն Ավդալյանին արժանացրեց Տարվա լավագույն մարզիկ կոչմանը: (Ավդալյանի մասին դիմանկար-ակնարկը կարդացե´ք այստեղ` http://www.armenianow.com/hy/features/19996/world_champion_becomes_national_hero_at_home:) Հարավային Կորեայում անցկացված առաջնությունում Ավդալյանի մի քանի թիմակիցներ նույնպես մեդալներ նվաճեցին: Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) նվաճեց երկու փոքր (պոկում և հրում վարժություններում)` ընդհանուր հաշվով երեք բրոնզե մեդալ: Առաքել Միրզոյանը (69 կգ) և Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ) իրենց համապատասխան կարգերում արծաթե մեդալներ նվաճեցին: (Բոլորն էլ ընդգրկվեցին տարվա 10 լավագույն մարզիկների շարքում:) Բռնցքամարտ/Ձյուդո/Ըմբշամարտ Տասն անգամ հաջողությամբ պաշտպանելով IBF վարկածով չեմպիոնի կոչումը` հայորդի Արթուր Աբրահամն ամռանը հրաժարվեց չեմպիոնի իր գոտուց` մասնակցելու Սուպերվեցնյակ մրցաշարին: Գերմիջին քաշային կարգի Սուպերվեցնյակ մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի վերջին Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող 29-ամյա հայազգի բռնցքամարտիկը (31 հաղթանակ`25-ը նոկաուտով, ոչ մի պարտություն) Բեռլինում կազմակերպված մրցելույթի 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին նոկաուտի ենթարկեց արքանզասցի բռնցքամարտիկին (Ջերմեն Թեյլոր` «Չար մտադրություններ» մականունով): Աբրահամը մտադիր է շարունակել իր անպարտելի կարիերան, երբ հանդիպի իր հաջորդ մրցակցին` Անդրե «Մատրիքս» Դիրելին: Դեկտեմբերի 12-ին մեկ այլ հայազգի բռնցքամարտիկ` Վիկ Դարչինյանը նույնպես տարին հաղթանակով ավարտեց: Պաշտպանելով թեթևագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով իր չեմպիոնի գոտիները` Դարչինյանն արագ հաղթանակի հասավ մեքսիկացի հավակնորդ Թոմաս Ռոխասի նկատմամբ: «Կատաղի ցուլ» Դարչինյանը (33 հաղթանակ` 27-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) այս տարվա սկզբին 52 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում կրած պարտությունից հետո առաջին անգամ էր ելույթ ունենում: Մրցամարտից հետո 34-ամյա Դարչինյանը և իր փրոմոութեր Գարի Շոուն նշեցին, որ աշխատելու են հասնել ռևանշի Նոնիտո Դոների (22 հաղթանակ` 14-ը նոկաուտով, 1 պարտություն) նկատմամբ: 2007 թ. հուլիսին Դարչինյանը ցավալի պարտություն էր կրել «Կայծ» մականվամբ Դոներից, որը, 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով հայազգի բռնցքամարտիկին, զրկեց նրան թեթևագույն քաշային կարգում IBF և IBO վարկածներով չեմպիոնի գոտիներից: Այս տարի Աշխարհի սիրողական բռնցքամարտի առաջնությունում Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) նվաճեց արծաթե մեդալ: Նա միակն էր ինը բռնցքամարտիկներից, որն Իտալիայի Միլան քաղաքից մեդալով վերադարձավ: Ավելի վաղ Բռնցքամարտի միջազգային ընկերակցությունը (AIBA) բարձր գնահատեց հայ կազմակերպիչներին`մայիսին աշխարհի պատանեկան առաջնությունը Երևանում անցկացնելու համար, որը միջազգային մակարդակով առաջին բռնցքամարտի առաջնությունն էր Հայաստանի մայրաքաղաքում, որին մասնակցում էր 50 երկրներից 300 մարզիկ: Ներկայանալով 13 քաշային կարգերում` հայ մարզիկներին հաջողվեց նվաճել միայն մեկ ոսկե, երկու արծաթե և չորս բրոնզե մեդալ: 2009 թ. սեպտեմբերին Հայաստանում անցկացվեց մեկ այլ միջազգային միջոցառում` Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու էին եկել Եվրոպայի 40 երկրներից մարզիկներ, այդ թվում` Ադրբեջանի ձյուդոիստները: Ձյուդոյի մրցաշարեր կազմակերպող միջազգային կազմակերպությունը նույնպես բարձր գնահատեց կազմակերպված այս մրցումները: Ավելի վաղ` օգոստոսին, Հայաստանի դրոշի տակ հանդես եկող ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռոտերդամում անցկացված աշխարհի ձյուդոյի առաջնությունում, որը որպես այդպիսին առաջինն էր Հայաստանի համար: (Ե´վ Անդրանիկ Հակոբյանը, և´ Հովհաննես Դավթյանն ընդգրկվել են 2009 թ. Հայաստանի լավագույն մարզիկների շարքում:) Դանիայում անցկացված աշխարհի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը միայն մեկ մեդալ նվաճեց: 55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանն արժանացավ արծաթե մեդալի: Ամոյանը, այդ թվում նաև երկու ըմբիշներ` Յուրի Պատրիկեևը և Արսեն Ջուլֆալակյանը, ընդգրկվել են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկների շարքում: Ինչպես հայտնի է, Հայաստանին իրավունք է տրվել հյուրընկալել 2010 թ. հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել նաև, որ Հայաստանում անցկացվի 2018 թ. երիտասարդական օլիմպիական խաղերը:) Շախմատ Դեռևս օգոստոսին Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկը` Լևոն Արոնյանը, նվաճեց «Գրան պրի» մրցանակ և ապահովեց իր մասնակցությունը ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությանը: Օգոստոսին Ջերմուկում անցկացված ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» խաղարկության 5-րդ մրցաշարում (Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար) Լևոն Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և ընդհանուր հաշվարկով վաստակեց 500 միավոր` անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար: 2009 թ. շախմատի թիմային պայքարում նույնպես Հայաստանի հաջողությունները շարունակվեցին: Հայաստանի շախմատի հավաքականը երկու անգամ ճանաչվել է օլիմպիական չեմպիոն (2006 թ. և 2008 թ.), իսկ Թուրքիայում կազմակերպված մինչև 16 տարեկանների օլմպիական խաղերում Հայստանի երիտասարդական հավաքականը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` զիջելով միայն Ռուսաստանի և Հնդկաստանի ուժեղ թիմերին: Հոկտեմբերին Սերբիայում հայ շախմատիստներն անհատական պայքարում հաջող ելույթ ունեցան նաև Եվրոպայի թիմային առաջնությունում: Գաբրիել Սարգսյանը նվաճեց ոսկե, Տիգրան Լ. Պետրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը` արծաթե, իսկ Լիլիթ Գալոյանը` բրոնզե մեդալ: Սակայն շախմատիստներից միայն Լիլիթ Մկրտչյանը մարզական մեկնաբանների քվեարկությամբ ընդգրկվեց տարվա տասը լավագույն մարզիկների շարքում: Ֆուտբոլ Հայաստանը սպասում է «Եվրո-2012» ընտրական փուլի վիճակահանությանը, որը կանցկացվի փետրվարի սկզբին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմինը կփորձի խուսափել «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստան-Ադրբեջան հանդիպումից, ինչպես դա եղավ նախկինում, ինչը պայմանավորված է երկու երկրների միջև առկա հակամարտությամբ: Հայաստանի հավաքականը հավանաբար նոր մարզիչ կունենա, ինչպես ենթադրվում է` արտասահմանից, որը կփորձի բարելավել անհաջող ելույթ ունեցող թիմի խաղաոճը: 2009 թ. Հայաստանի ազգային հավաքականը հիշարժան քիչ պահեր է ունեցել, այդ թվում` Բելգիայի հետ հանդիպումը: Սակայն, ինչպես և կանխատեսվում էր, այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչված խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիայի ընտրանուն, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Իսպանիային: Դեկտեմբերին ՖԻՖԱ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը մոտ 200 երկրների մեջ 100-րդն է: Հայաստանի ֆուտբոլի համար մռայլ մրցաշրջանում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի դանիացի մարզչի Ֆլեմինգ Սերիցլևի սաները տարին հաջող ավարտեցին. «Եվրո-2011» որակավորման խաղերում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ Էստոնիայի ընտրանու հետ ոչ-ոքի` 1:1 խաղաց, իսկ Իռլանդիայի հավաքականին հաղթեց 4:1 հաշվով: Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը որակավորման խմբում ընդգրկված վեց թիմերի մեջ զբաղեցրեց Իռլանդիայի ընտրանու տեղը` 5-րդ հորիզոնականը, և մտադիր է ամրապնդել իր դիրքերը, երբ մարտի սկզբին մեկնի Իռլանդիա` պատասխան խաղին մասնակցելու: Հայ ֆուտբոլիստներից ոչ մեկին չհաջողվեց ընդգրկվել տասը լավագույն մարզիկների շարքում:
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.