Սպորտ. Հայաստանի եռագույնը Վանկուվերի օլիմպիական խաղերում, իսկ Երևանը հյուրընկալում է ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը
Հայաստանում ձմեռային մարզաձևերի երկրպագուները կարողացան ուղիղ հեռարձակմամբ հետևել բացման դիտարժան արարողությանը շաբաթ առավոտյան` 13 ժամ տարբերության պատճառով: Մարզական հաղորդման հեռարձակման համար նման վաղ ժամն այստեղ անսովոր է: Շատերը հետո բողոքում էին, որ բաց էին թողել արարողությանը ուղիղ հեռարձակմամբ հետևելու հնարավորությունը և կարողացել էին ընդամենն առանձին հատվածներ դիտել լրատվական հետագա հաղորդումներում: Արարողությունը, ինչ-որ առումով, ստվերեց 21-ամյա վրացի սահնակորդ Նոդար Կումարիթաշվիլիի ողբերգական մահը` օլիմպիական խաղերի բացման արարողությունից ժամեր առաջ` մարզումների ժամանակ: «ԲիՍի Փլեյսում»-ում, որն ընտրվել է օլիմպիական խաղերի բացման և փակման արարողություններն անցկացնելու համար, մարզասերները ներկա գտնվեցին սրտաճմլիկ տեսարանի, երբ մարզիկի թիմակիցները երթով անցան մարզադաշտով: Երբ Վրաստանի յոթ հոգանոց պատվիրակությունը դուրս եկավ, ներկաների տոնական տրամադրությունը տեղի տվեց տխրության. ի հիշատակ զոհված մարզիկի մարդիկ ոտքի կանգնեցին: Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև մարտի 1-ը: Չորս տարին մեկ անցկացվող խաղերին այս տարի կմասնակցեն 85 երկիր ներկայացնող 5000 մարզիկ, որոնք կմրցեն 15 մարզաձևերում` ընդհանուր թվով 86 մեդալի համար: Ինչպես միշտ, ձմեռային օլիմպիական այս խաղերում ևս ուժեղ մարզիկներ են ներկայացրել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, սկանդինավյան երկրները և այլն: Ինչպես կարծում են Հայաստանի սպորտի ղեկավարները, երկիրը ներկայացնող չորս մարզիկներից (երկուսը մրցավազքային դահուկորդ, երկուսը` լեռնադահուկորդ) և ոչ մեկը մեդալի հավակնորդ չէ: Հայաստանի համար առաջին մրցութային օրը փետրվարի 15-ին է: Այդ օրը հանդես կգա Սերգեյ Միքայելյանը 15 կմ մրցավազքում (Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ այդ մրցումները կցուցադրվեն երկուշաբթի` տեղական ժամանակով 22:00-ին, իսկ օրագրերը` հաջորդ օրը` 14:20-ին): Այնուհետև նույն մարզաձևում կանանց մրցապայքարում հանդես կգա Քրիստինե Խաչատրյանը: Փետրվարի 21-ին և 27-ին հայ լեռնադահուկորդներ Արսեն Ներսիսյանը և Անի-Մաթիլդա Սերեբրակյանը կմրցեն, համապատասխանաբար, կանանց և տղամարդկանց ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մարզաձևերում: Անկախությունից հետո Հայաստանի հավաքականը հինգերորդ անգամ է մասնակցում ձմեռային օլիմպիական խաղերին (առաջինը` 1994 թ. Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում): Ձմեռային մարզաձևերում Հայաստանը, որպես կանոն, շոշափելի արդյունքներ չի ունեցել: 2006 թ. Իտալիայի Թուրին քաղաքում կազմակերպված ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը, այս տարվա նման, ներկայացնում էին դահուկորդներ և լեռնադահուկորդներ, ինչպես նաև` մեկ զույգ գեղասահորդներ: Մինչ այդ, անցյալ շաբաթավերջին Հայաստանում ընթանում է ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշար, որը կարծես հայ մարզասերների ուշադրությունն ավելի էր գրավել, քան հեռավոր Վանկուվերում ընթացող օլիմպիական խաղերը: Ինը երկրից ըմբիշները եկել էին Երևան` մասնակցելու հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը: Ամենամյա այս մրցույթի կազմակերպումը վստահվել է Հայաստանին: Խաղարկությանը մասնակցում էին հյուրընկալող կողմ հանդիսացող Հայաստանը, Իրանը, Կուբան, Թուրքիան, Հունգարիան, Ռուսաստանը, Վրաստանը, ինչպես նաև Շվեդիայի և Դանիայի միասնական հավաքականը (սկանդինավյան թիմը): Շաբաթ` գավաթի խաղարկության առաջին օրը, հայ ըմբիշները 7:0 հաշվով թիմային հաշվարկով հաղթեցին սկանդինավյան երկրների միացյալ հավաքականին` հուրախություն Երևանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում հավաքված բազմաթիվ մարզասերների, որոնք եկել էին աջակցելու իրենց թիմին: Սակայն հաջորդ օրը Լևոն Ջուլֆալակյանի սաները պարտվեցին իրանցիներին, որոնք այնուհետև հաղթելով Թուրքիայի ընտրանուն` նվաճեցին ոսկե մեդալ: Բրոնզի համար թեժ մրցապայքարում Հայաստանը 4:3 հաշվով հաղթեց Ռուսաստանի հավաքականին` շնորհիվ թիմային պայքարը եզրափակող Յուրի Պատրիկեևի հաղթանակի:
Other Articles in Այլ մարզաձևեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.