Հայ հոկեյ. սառցե դարաշրջանը գալիս է Հայաստան

Հայ հոկեյ. սառցե դարաշրջանը գալիս է Հայաստան

Ֆոտոլուր

Հայաստանի համար մարզական աննախադեպ իրադարձության սկզբում տիրող թերահավատության և անվստահության մթնոլորտն աստիճանաբար փոխվեց հպարտության և գոհունակության զգացումով. հայ երկրպագուներն անցյալ շաբաթ փոխեցին իրենց կարծիքը Հայաստանում տափօղակով հոկեյի ապագայի մասին:

Երևանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրի սահադաշտում, որտեղ անցկացվում էր Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (ՏՀՄՖ) 2010 թ. աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարը, Ժամկոչյանը, Ղազանչյանը, Բալյանը, Ավետիսյանը (և այլ «յան»-ներ, որոնցից շատերը սփյուռքից են կամ այնտեղ են մարզվել) դարձան հերոսներ:

Ապրիլի 14-18-ն անցկացվող մրցաշարի Բ խմբում Հայաստանը մրցեց երեք երկրների` Հարավային Աֆրիկայի, Հյուսիսային Կորեայի և Մոնղոլիայի հետ, որտեղ տափօղակով հոկեյը նույնպես «էկզոտիկա» է: Մարզասերների աջակցությամբ, որոնց թիվը խաղից խաղ աճում էր, Հայաստանի հավաքականը խմբային փուլում փայլուն հաղթանակ տարավ իր բոլոր մրցակիցների նկատմամբ (համապատասխանաբար` 9:2, 7:6 և 15:0 հաշվով), սակայն եզրափակչում ստիպված եղավ բավարարվել արծաթե մեդալով` 2:5 հաշվով պարտվելով կորեացիներին:

(Կիրակի ոսկե մեդալի համար մրցապայքարը դիտելու էին եկել մեծ թվով մարզասերներ` մոտ 5000 մարդ, որն առնվազն մեկ կազմակերպչական խնդրի պատճառ դարձավ. համալիրում տղամարդկանց զուգարանները չէին բավարարում:)

Նման հաղթանակները, ինչպես նաև սոսկ այն փաստը, որ Հայաստանում անցկացվելու էր տափօղակով հոկեյի միջազգային մրցաշար, երկու տարի առաջ աներևակայելի էին թվում, երբ աշխարհի «պաշտոնապես ամենաթույլ» տափօղակով հոկեյի հավաքականը պայքարում էր հասնելու այնպիսի արդյունքի, որը չվշտացներ փոքրաթիվ երկրպագուների բանակին Հայաստանում և սփյուռքում: Ամենացավալի պարտությունը Հայաստանի հավաքականը կրեց 2005 թ. աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարում Մեքսիկայի ընտրանուց 0:48 հաշվով:

Թեև Հայաստանի տափօղակով հոկեյի նախկին նախագահ Կարեն Խաչատրյանը ժամանակին հազիվ էր զսպում ընկճվածությունը, սակայն, լինելով հոկեյի մեծ նվիրյալ, շարունակում էր պնդել, որ այս մարզաձևը Հայաստանում ապագա ունի: Եվ պարտություններից զատ եղան նաև հաղթանակներ… (Խաչատրյանն անցյալ ամառ ավտովթարի զոհ դարձավ, երբ դեռ նոր էին հայտարարել, որ Հայաստանում ապրիլին պետք է անցկացվեր տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը:)

Խաչատրյանին փոխարինած Հայկ Ջաղացպանյանն այժմ ասում է, որ Հայաստանում անցկացված աշխարհի առաջնությունն ավելի մեծ հույսեր է արթնացրել, որ տափօղակով հոկեյը Հայաստանում ապագա ունի:

Երևանի մարզասրահ այցելած շատ մարզասերներ համաձայն են ֆեդերացիայի նախկին և ներկա նախագահների տեսլականին: Սակայն նախքան մեծ հաղթանակների գալը` նրանք գոհ են նաև ձեռք բերածով. հայ հոկեյիստները, մարզահագուստի վրա կրելով «յան»-ով վերջացող ազգանունները, անհավանական գոլեր են խփում:

Կիրակի Հայաստան-Մոնղոլիա խաղին ներկա մոտ հազար հայ մարզասերներին զարմացրեց (իսկ ոմանց վախեցրեց) մարզասրահում հնչող հայտարարությունը` «Զգուշացե´ք դեպի տրիբունաները թռչող տափօղակից»:

«Անցյալ խաղի ընթացքում մի քանի նման դեպք եղավ,- ասաց երկրպագուներից մեկը: - Բայց մի´ վախեցեք, նույնիսկ եթե նման բան պատահի, զվարճալի է»,- ասաց նա` ոգևորելով իր կողքը նստած մյուս մարզասերներին, երբ նրանց դեմքին անհանգստություն նկատեց: Նրանցից շատերն ակնհայտորեն իրենց կյանքում առաջին անգամ էին ներկա հոկեյի խաղի:

35-ամյա Աշոտ Մինասյանը Հայաստանի հավաքականին երկրպագելու էր եկել իր որդու հետ: Նա ասաց, որ երրորդ անգամ է ներկա գտնվում տափօղակով հոկեյի խաղի և որ այս մրցաշարը դիտելով սովորեց նաև հոկեյի կանոնները:

«Սա տապասահք է, էս մեկը` թվական գերազանցում… էս մեկն էլ` սահադաշտում թվային կազմի գերազանցում,- բացատրում էր Աշոտը տափօղակով հոկեյի պակաս փորձառու երկրպագուներին, որոնցից շատերը զարմացած էին, որ, ի տարբերություն ֆուտբոլի` ձեռքով, իսկ ավելի ճիշտ` ձեռնոցով խաղը տափօղակով հոկեյում ընդունված է: Գրեթե ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ո´ր դեպքում էր հոկեյիստը խաղից դուրս համարվում:

Սահադաշտում զարգացումները, հատկապես, հայ հոկեյիստների գոլերը շարունակում էին ոգևորություն առաջացնել տրիբունաներում: Մարդիկ զանգահարում էին իրենց ընկերներին, պատմում իրենց ոգևորությունը և հորդորում գալ մարզասրահ ու միանալ իրենց (մուտքն ազատ էր):

Նախասրահում ոմանք արդեն կրում էին Հայաստանի հավաքականի մարզաշապիկները հայ հոկեյիստների ազգանուններով: Որոշ մարզասերներ էլ մարզադահլիճ էին եկել խաղին լավ կազմ ու պատրաստ` Հայաստանի դրոշներով, շեփորներով և «Հայաստա´ն, Հայաստա´ն» բղավելու պատրաստ կոկորդներով:

«Ավետիսյանն ու Ղազանչյանը իմ սիրած խաղացողներն են»,- «ԱրմենիաՆաուին» հպարտությամբ ասաց պատանի մարզասերներից մեկը` խոսելով մրցաշարի լավագույն հայ ռմբարկուների մասին: Տղան, սակայն, չկարողացավ հիշել հոկեյի այնպիսի հանրահայտ դեմքերին, ինչպիսիք էին Ուեյն Գրեցկին և Մարիո Լեմիեն: Նրա ավելի փորձառու ընկերը շտապեց օգնել տղային: Սակայն նա էլ, սխալմամբ, կանադական հոկեյի լեգենդների մասին ասաց, թե վերջիններս ամերիկացի են և փոքր-ինչ շփոթեց նրանց մարզական կարիերայի տարեթվերը:

Խորհրդային Հայաստանը հոկեյիստներ չի տվել «Կարմիր մեծ մեքենային», քանի որ այս մարզաձևը Հայաստանում այն աստիճան ժողովրդականություն չէր վայելում, որքան ֆուտբոլը, բռնցքամարտը, ծանրամարտը, ըմբշամարտը կամ շախմատը: Սակայն Հայաստանում ոմանք դեռևս հիշում են 70-ականներին Կանադայի պրոֆեսիոնալների և ԽՍՀՄ-ի միջև հանդիպումների շարքը, որը Արևմուտք-ԽՍՀՄ սառը պատերազմի վառ արտացոլումներից էր սպորտում: Նրանք նաև հիշում են ԽՍՀՄ հավաքականի փայլուն ելույթները 1980-ական թվականներին:

«Այն ժամանակ Սովետի հավաքականն ամենալավն էր: Կանադացիներն ու ամերիկացիները վախենում էին ԿԼՄ-ից,- ասաց մոտ 45-50 տարեկան Արմենը` նկատի ունենալով ԽՍՀՄ հավաքականի հայտնի հարձակվողների եռյակին` Կրուտովին, Լարիոնովին և Մակարովին: - Կարծում եմ` հոկեյը հայկական խառնվածքին հարիր մարզաձև է: Ո՞վ գիտե, գուցե Հայաստանն էլ մի օր հայտնի դառնա այս մարզաձևում»:
ԱրմենիաՆաուի էջերում