Հաջողություն մարտարվեստում. Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության մրցումներում մեդալներ է նվաճում

Հաջողություն մարտարվեստում. Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության մրցումներում մեդալներ է նվաճում


Կիրակի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումներից հայ մարզիկները վերադարձան վեց մեդալներով, այդ թվում` մեկ ոսկե և մեկ արծաթե:

(Սամբոն ռուսերեն հապավում է, որը նշանակում է անզեն ինքնապաշտպանություն: Այս մարզաձևի համար հիմք են ծառայել ճապոնական ձյուդոն և կարատեն: Սամբոն որպես ձեռնամարտ զարգացել է խորհրդային կարմիր բանակում 1920-ական թթ.: Ներկայումս այս մարզաձևն առավել տարածված է նախկին խորհրդային հանրապետություններում:)

Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի (www.sambo.am) հրապարակած տեղեկության` Աշոտ Դանիելյանը, որ մրցասպարեզ էր ելել 74 կգ քաշային կարգում, չունենալով հավասարը, հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն և նվաճեց ոսկե մեդալ: Մայիսի 16-ին կայացած եզրափակչում նա հաղթեց ռուսաստանցի Արսեն Թեմիրխանովին:

Ավելի վաղ հայազգի մեկ այլ սամբիստ` Վաչիկ Վարդանյանը (68 կգ), արժանացավ արծաթե մեդալի, իսկ Արտակ Ծատինյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Բրոնզե մեդալներ են վաստակել նաև ՀՀ մարտական սամբոյի ներկայացուցիչներ Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ) և Վահան Վարդանյանը (57 կգ):
Մինսկում կայացած մրցումներում Հայաստանը ներկայացնում էին տասը մարզիկ:
ԱրմենիաՆաուի էջերում