Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան (ՏՀՄՖ) անորոշ ժամկետով որակազրկել է հոկեյի Հայաստանի հավաքականին, որը վերջերս մի քանի հաջող մրցելույթներ է ունեցել: ՏՀՄՖ նման որոշումը հավանաբար պայմանավորված է Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված մոտ 15 հոկեյիստների`ԱՄՆ քաղաքացիություն ունենալու հանգամանքով:
Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանի խոսքով` հավաքականին չեն որակազրկել, այլ մինչև սեպտեմբեր պարզապես կասեցրել են մասնակցությունը:
«Խնդիրը դեռ պարզ չէ, բայց այդտեղ պարզապես թյուրիմացություն է տեղի ունեցել: Ես արդեն խոսել եմ ՏՀՄՖ ղեկավարների հետ, և մենք նոր խաղացողներ համալրելով` կարող ենք արդեն սեպտեմբերին մասնակցել մրցումներին»,- «ԱրմենիաՆաուին» ասել է Ջաղացպանյանը, որն այս պահին գտնվում է Գերմանիայում և վերադառնալուն պես ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդի:
ՏՀՄՖ որոշումը ստվերեց Հայաստանի հավաքականի վերջերս տոնած մի քանի հաղթանակները:
Վարկանիշային աղյուսակում ցածր հորիզոնականներում հանգրվանող հավաքականն ապրիլի 14-18-ը Երևանում անցկացված Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի 2010 թ. աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարի խմբային փուլում տարած երեք հաղթանակներից հետո նվաճել էր արծաթե մեդալ: (Երրորդ դիվիզիոնը ամենաթույլն է):
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.