Հարգանքի տուրք. հայկական կողմը ցավակցական հեռագիր է ուղարկում ադրբեջանցի մարզիկի մահվան կապակցությամբ

Հարգանքի տուրք. հայկական կողմը ցավակցական հեռագիր է ուղարկում ադրբեջանցի մարզիկի մահվան կապակցությամբ


Մարզական ոգու բացառիկ մի դրսևորում. հայկական սպորտի ղեկավարներից մեկն իր և ֆեդերացիայի անունից ցավակցական հեռագիր է ուղարկել ադրբեջանցի երիտասարդ մարզիկի մահվան կապակցությամբ:


Ադրբեջանցի պաշտոնակցին` Ջեյխուն Մամեդովին ուղարկած իր հեռագրում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանն ասել է, որ իր գլխավորած ֆեդերացիան ցավակցում է հարևան հանրապետության տաղանդավոր սամբիստի մահվան կապակցությամբ, որը շաբաթավերջին խեղդվել էր լճում:

Եվրոպայի պատանեկան սամբոյի 16-ամյա չեմպիոն Միխայիլ Օրուջևը խեղդվել է լճում: Դեպքը տեղի է ունեցել կիրակի Վրաստանի Դմանիսի շրջանում: Նա ադրբեջանական պատվիրակության անդամ էր, որը մեկնել էր հարևան երկիր` վրաց-ադրբեջանական բարեկամության օրերին: Ինչպես հաղորդվում է, պաշտոնական արարողությունից հետո մի քանի տղաներով ուղևորվել են մերձակայքում գտնվող լիճ և որոշել լողալով անցնել մյուս ափը, ինչը Օրուջևին չի հաջողվել:

«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ցավակցում է Միխայիլի հարազատներին, ընկերներին, Ադրբեջանի սամբոյի հավաքականի մարզիկներին, մարզիչներին և մարզական հասարակայնությանն աշխարհի պատանի չեմպիոն Միխայիլ Օրուջևի մահվան կապակցությամբ»,- նշված է Հայրապետյանի հեռագրում, որի տեքստը երկուշաբթի տարածել է ֆեդերացիան (www.sambo.am):

Սամբոն ռուսերեն հապավում է, որը նշանակում է անզեն ինքնապաշտպանություն: Այս մարզաձևի համար հիմք են ծառայել ճապոնական ձյուդոն և կարատեն: Սամբոն որպես ձեռնամարտ զարգացել է խորհրդային կարմիր բանակում 1920-ական թթ.: Ներկայումս այս մարզաձևն առավել տարածված է նախկին խորհրդային հանրապետություններում:

Ուշագրավ է, որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքն այն հայկական ինտերնետային ռեսուրսներից է, որոնք անցյալ ամսվա վերջին ենթարկվել էին ադրբեջանցի հաքերների գրոհներին: Հայկական կայքի աշխատանքը խափանվել էր որոշ ժամանակով այն բանից հետո, երբ հունիսի 29-ին ադրբեջանական դրոշ և ադրբեջանական լրատվամիջոցներից քաղվածքներ են տեղադրվել ինտերնետ ռեսուրսում:

ԱրմենիաՆաուի էջերում