Screenshot from www.youtube.com
Հայազգի ձյուդոիստը Բաքվում հաղթում է ադրբեջանցի մարզիկին
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի World Masters («Աշխարհի վարպետներ») վարկանիշային մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկը հաջող մրցելույթ ունեցավ:
Ադրբեջանի Apasport մարզական լրատվական կայքի հաղորդմամբ` 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Գալստյանը, կիսաեզրափակչում հաղթելով Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիևին, շաբաթ հասավ կիսաեզրափակիչ:
Սակայն հայազգի ձյուդոիստը ստիպված եղավ բավարարվել երկրորդ տեղով` եզրափակչում պարտվելով իր քաշային կարգում աշխարհի առաջատար ձյուդոիստ Ուզբեկստանը ներկայացնող Ռիշոդ Սոբիրովին:
Կրասնոդարից (Ռուսաստանի հարավային քաղաք) 21-ամյա Գալստյանը 2009-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն և 2010 թ. ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Սակայն երիտասարդ հայ մարզիկի անունը հայտնվեց թերթերի առաջին էջերում, երբ նա անցյալ ամիս ցուցադրական գոտեմարտ անցկացրեց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախկինում եղել է ձյուդոյի չեմպիոն և ունեցել է սև գոտի:
Բաքվի մրցաշարին մասնակցում էին աշխարհի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ: Սակայն Հայաստանից ոչ մի մարզիկ չի մասնակցել մրցաշարին, թեև վաստակած միավորները կարևոր են գալիք տարի Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում:
90-ականների սկզբի ազգամիջյան բախումներից հետո հայ և ադրբեջանցի մարզիկները հազվադեպ են այցելել հակառակորդ երկիր` մասնակցելու մարզական որևէ միջոցառման:
Նախկինում հայազգի մարզիկները (ինչպես, օրինակ` ըմբիշներ և բռնցքամարտիկներ) Ադրբեջանում մասնակցել են սահմանափակ թվով մարզական միջոցառումների, որոնք անցել են տեղի և միջազգային կազմակերպիչների ձեռնարկած անվտանգության խիստ միջոցառումների ներքո: Հայաստանն էլ իր հերթին նախկինում հազվադեպ է հյուրընկալել Բաքվից մարզիկներին (այդ թվում` պատանի ձյուդոիստներին):
Սակայն ավելի հաճախ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն ու մարզիկները խուսափել են միմյանց երկիր այցելելուց` անվտանգության նկատառումներից ելնելով:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.