Ֆուտբոլ. «Փյունիկը» մասնակցում է ԱՊՀ և բալթյան երկրների գավաթի խաղարկությանը

Ֆուտբոլ. «Փյունիկը» մասնակցում է ԱՊՀ և բալթյան երկրների գավաթի խաղարկությանը


Քառամյա ընդմիջումից հետո Հայաստանի բազմակի չեմպիոնը կրկին մասնակցում է ԱՊՀ և բալթյան երկրների գավաթի խաղարկությանը Ռուսաստանում: 1993 թ. հունվարի կեսից անցկացվող ավանդական այս մրցաշարին մասնակցում են նախկին խորհրդային հանրապետությունների լավագույն թիմերը:

2006-ից Երևանի «Փյունիկ» ակումբին անորոշ ժամկետով արգելել էին մասնակցել այս մրցաշարին, երբ նույն տարվա կիսաեզրափակչում թիմը հրաժարվեց խաղալ Ադրբեջանի Բաքվի «Նեֆթչիի» հետ` անվտանգության նկատառումներից ելնելով: Այդ ժամանակից ազգային առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցնող թիմերն էին հանդես գալիս ԱՊՀ և բալթյան երկրների գավաթի խաղարկությունում մինչև այն որոշման ընդունումը, որով թույլատրվեց Հայաստանի չեմպիոնին կրկին մասնակցել գավաթի խաղարկությանը:

Մոսկվայում հունվարի 15-25-ի մրցաշարին մասնակցում են նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները, բացի Վրաստանից: Հյուրի կարգավիճակով նրանց են միացել Ֆինլանդիայի «ՀԻԿ»-ը և ռուսաստանյան ակումբների միացյալ թիմը: 16 թիմերը բաժանվել են չորս խմբի, որոնցից յուրաքանչյուրից երկուական թիմ կորակավորվի 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար:

Մինչև 2010 թ. ազգային առաջնության մեկնարկը «Փյունիկի» կազմում հանդես կգան հիմնականում պահեստային խաղացողները և լեգեոներները, որոնք դեռևս փորձաշրջան են անցնում: Ընթացիկ մրցաշարում Հայաստանի չեմպիոնը հունվարի 16-ին` առաջին խաղում, 0:2 հաշվով պարտվեց «Էկրանաս» (Լիտվա) թիմին, իսկ հունվարի 17-ին` 2:3 հաշվով «Բունյոդկորին» (Ուզբեկստան): Հունվարի 19-ին վերջին` D խմբում ընդգրկված Երևանի ակումբի մրցակիցը կլինի «Դակիա» ակումբը (Մոլդովա), սակայն «Փյունիկն» արդեն կորցրել է 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորություննները:

«Փյունիկը» Հայաստանի ազգային առաջնության բարձրագույն խմբում 12 անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը, ընդ որում` 2001-ից ինն անգամ անընդմեջ: Առաջին անհաջողությունը ԱՊՀ և բալթյան երկրների գավաթի խաղարկությունում հայաստանյան ակումբն ունեցավ 2005 թ., երբ կազմակերպիչները չկարողացան այնպես դասավորել, որ քառորդ եզրափակչում Հայաստանն Ադրբեջանի հետ չհանդիպի: 2005 թ. հունվարին Մոսկվայի մարզադաշտում կազմակերպված հանդիպումն անցավ լարված մթնոլորտում (այդ թվում` տրիբունաներում, քանի որ, ինչպես հայտնի է, Ռուսաստանի մայրաքաղաքում բավական մեծ հայկական և ադրբեջանական համայնքներ կան): Խաղն ավարտվեց 0:2 հաշվով` հօգուտ Ադրբեջանի չեմպիոնի: Հաջորդ տարի նույն թիմերը կրկին հայտնվեցին կիսաեզրափակչում, սակայն «Փյունիկը» հրաժարվեց խաղալուց` պատճառաբանելով «անվտանգության երաշխիքների բացակայությունը», այդ թվում` տրիբունաներում մեծաքանակ հայ մարզասերների համար, և դուրս եկավ խաղարկությունից: Հայաստանի ակումբին թույլ չտրվեց մասնակցել գավաթի խաղարկությանը 2007, 2008 և 2009 թվականներին:

Ընթացիկ մրցաշարում Ադրբեջանը ներկայացնում է «Բաքու» ակումբը: Կազմակերպիչներն այնպես են դասավորել, որ առնվազն մինչև կիսաեզրափակիչ Հայաստանի և Ադրբեջանի ակումբները միմյանց հետ չմրցեն:
ԱրմենիաՆաուի էջերում