Եվրո-2012. ՈՒԵՖԱ-ն ազատում է Հայաստանին և Ադրբեջանին «ընտրական փուլի խնդիրների» կրկնությունից

Եվրո-2012. ՈՒԵՖԱ-ն ազատում է Հայաստանին և Ադրբեջանին «ընտրական փուլի խնդիրների» կրկնությունից

www.boxofficefootball.com

Նախնական պայմանավորվածության համաձայն` Եվրոպայի ֆուտբոլի կառավարող մարմինը զերծ պահեց Հայաստանին և Ադրբեջանին ընտրական փուլում միմյանց հետ կրկին հանդիպելու հավանականությունից, թեև կիրակի վիճակահանության ժամանակ երկու հավաքականներն արդեն իսկ հայտնվել էին նույն խմբում:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կազմակերպված 2012 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության ընթացքում վեցերորդ զամբյուղում ընդգրկված Ադրբեջանի հավաքականը հայտնվեց A խմբում, րոպեներ անց հինգերորդ զամբյուղում ընդգրկված Հայաստանի հավաքականը նույնպես հայտնվեց A խմբում: Սակայն ՈՒԵՖԱ-ն հավատարիմ մնաց իր նախապես ընդունած որոշմանը` թույլ չտալ տարածաշրջանի երկու ախոյաններին հայտնվել նույն խմբում: Ի վերջո, Հայաստանը հայտնվեց B խմբում` այսպիսով խուսափելով նաև առաջնության ընտրական փուլում (կմեկնարկի սեպտեմբերին) Թուրքիայի հավաքականի հետ մրցելուց:

Հայաստանն ու Ադրբեջանը Եվրո-2008 առաջնության ընտրական փուլում հայտնվելով նույն խմբում` մրցելու վայրի ընտրության շուրջ տարաձայնությունների պատճառով խնդրի առաջ էին կանգնեցրել ՈՒԵՖԱ-ին: Նախքան կիրակնօրյա վիճակահանության մեկնարկը, ՈՒԵՖԱ-ն հստակ որոշում ընդունեց, անկախ վիճակահանության արդյունքներից, զերծ պահել Հարավային Կովկասի երկու ախոյաններին, ինչպես նաև վերջերս միմյանց հետ պատերազմած Վրաստանին և Ռուսաստանին նույն խմբում հայտնվելու հավանականությունից:

«Սա արվում է բացառապես այն նպատակով, որ մենք չենք ցանկանում սպորտն ու քաղաքականությունը խառնել միմյանց»,- այսպես է մեկնաբանում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին որոշումը: (Թեև ՈՒԵՖԱ-ի հատուկ միջամտության կարիքը չպահանջվեց Ռուսաստանին և Վրաստանին տարբեր խմբերում ընդգրկելու համար:)

ՈՒԵՖԱ-ի որոշումը, ի վերջո, նշանակեց նաև, որ Հայաստանը խուսափեց Աշխարհի գավաթի 2010 թ. առաջնության ընտրական փուլի մրցակից Թուրքիայի հավաքականի հետ հանդիպելուց: Այդ խաղերը, որոնք կազմակերպվեցին Երևանում և Բուրսայում 2008 և 2009 թթ., օգտագործվեցին երկու հարևան երկրների իշխանությունների կողմից`սկսելու, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտություն»: (Ֆուտբոլային հանդիպումներով մեկնարկած հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտության արդյունքը դեռևս պարզ չէ, քանի որ Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններն այժմ պետք է քննարկեն Երևանի և Անկարայի միջև ստորագրված արձանագրությունների վավերացման հարցը:)

Հայաստանին հեռու պահելով 2010-2011 թթ. քաղաքական առումով զգայուն խաղերից, ինչպես արդեն ասում են ֆուտբոլի որոշ մասնագետներ, ՈՒԵՖԱ-ն երկրի հավաքականին առաջարկեց մրցակիցների համեմատաբար հարմար խումբ: Հայաստանը կհանդիպի Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի ազգային ընտրանիների հետ:

ՈՒԵՖԱ-ի Եվրո և ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի առաջնությունների ընտրական խաղերին Հայաստանը, որպես անկախ պետություն, մասնակցում է 1994 թվականից և մրցել է այս խմբում ընդգրկված բոլոր թիմերի հետ, բացի Սլովակիայի և Իռլանդիայի Հանրապետության ընտրանիներից:

Նախորդ պաշտոնական հանդիպումներում Հայաստանը հաջողությամբ է հանդես եկել Անդորրայի հավաքականի հետ խաղերում` հինգ անգամ հաղթելով եվրոպական ֆուտբոլի ոչ այնքան ուժեղ հավաքականին և մեկ անգամ խաղալով ոչ-ոքի: Մակեդոնիայի հետ հանդիպումներում Հայաստանը գրանցել է մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի և երկու պարտություն: Խմբի առաջատարը` Ռուսաստանի ընտրանին, Հայաստանի հավաքականին հաղթել է երկու անգամ: ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի բոլոր մրցակիցները, բացի Անդորրայից, ավելի բարձր հորիզոնականներ են զբաղեցնում:

Մինչև այժմ Հայաստանը (102-րդն է ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում, որում ընդգրկված են ավելի քան 200 ազգային հավաքականներ և 45-րդն է Եվրոպայում) չի կարողացել շոշափելի արդյունքների հասնել առաջնությունների որակավորման խաղերում: Այդուհանդերձ, երկրի հավաքականին հաջողվել է մի քանի հիշարժան հաղթանակներ տոնել եվրոպական ֆուտբոլի այնպիսի ուժեղ մրցակիցների, ինչպիսիք են Հյուսիսային Իռլանդիան, Լեհաստանը, իսկ վերջերս նաև` Բելգիայի ընտրանու նկատմամբ:

Եվրո-2012 ընտրական փուլում, որոնք կանցկացվեն Լեհաստանում և Ուկրաինայում, ընդգրկված են վեց թիմերից բաղկացած վեց խումբ (A-F) և հինգ թիմից բաղկացած երեք խումբ (G-I): Հավաքականները հանդիպումներից մեկն անցկացնելու են արտագնա, մյուսը` սեփական հարկի տակ: Ընտրական փուլի խաղերն անցկացվելու են միջազգային մարզական օրացույցի համաձայն` 2010-ի սեպտեմբերից մինչև 2011-ի նոյեմբեր: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր կնվաճեն խմբում առաջին տեղերը զբաղեցրած ինը հավաքականները, ինչպես նաև լավագույն երկրորդ տեղ զբաղեցրած թիմը: Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած ութ թիմերը փլեյ-օֆ մրցակարգով կխաղարկեն ևս չորս ուղեգիր:

Վարշավայում կազմակերպված կիրակնօրյա վիճակահանության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում` www.uefa.com:
ԱրմենիաՆաուի էջերում