Ֆուտբոլ. 2002 թ. ի վեր առաջին անգամ ազգային հավաքականն ունենում է հայ մարզիչ
Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչը Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ն (www.ffa.am), ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը նշանակվել է գլխավոր մարզիչ: Մինասյանը կգլխավորի հավաքականը մինչև 2012 թ., այսինքն` կմարզի թիմը մինչև Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը: Միջազգային ասպարեզում անկախ Հայաստանի հավաքականի հանդես գալուց ի վեր, մինչև Մինասյանի մարզիչ նշանակվելը, ազգային ընտրանին ունեցել է 15 մարզիչ, որից վեցը` օտարերկրացի: Անցյալ տարվա սկզբից մինչև այսօր հայտարարված իր պաշտոնական նշանակումը Մինասյանը Յան Փոուլսենից հետո եղել է գլխավոր մարզչի պաշտոնակատար: ՀՖՖ-ն Մինասյանի բոլոր օտարերկրացի նախորդներին, բացի Իըն Փորթերֆիլդից (2006-2007), ազատել էր` հավաքականի խաղերի վատ արդյունքների պատճառով: Հայաստանի հավաքականն իր ամենալավ արդյունքներն ու խաղն ցուցադրել է թերևս շոտլանդացի մարզչի ղեկավարությամբ, որը 2007 թ. սեպտեմբերին մահացավ քաղցկեղից: Այսօր Հայաստանը ՖԻՖԱ-ի 200 երկրներից կազմված վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 102-րդ տեղը: 2012 թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեր մրցակիցներն են լինելու Բ խմբում ընդգրկված Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի Հանրապետության, Մակեդոնիայի և Անդորրայի հավաքականները: Այս շաբաթ նաև հաղորդվել է, որ Հայաստանի ընտրանին սեպտեմբերին մեկնարկելիք պաշտոնական խաղերին նախապատրաստվելու նպատակով կմեկնի Կիպրոս` մարտի 3-ին ընկերական հանդիպում անցկացնելու համար:
Other Articles in Ֆուտբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.