Ֆուտբոլ. Բելգրադում «Փյունիկը» Չեմպիոնների լիգայում իր մրցելույթը սկսում է պարտությամբ

Ֆուտբոլ. Բելգրադում «Փյունիկը» Չեմպիոնների լիգայում իր մրցելույթը սկսում է պարտությամբ

Photo: www.uefa.com / ©AFP

Չորեքշաբթի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման մրցափուլում Հայաստանի տիտղոսակիր ակումբային թիմը Սերբիայի չեմպիոնի հետ պայքարում առաջին հանդիպումն ավարտեց պարտությամբ:


10-րդ անգամ հանդես գալով Եվրոպայի ակումբային մրցաշարում` Երևանի «Փյունիկը» Բելգրադում հանդիպեց «Պարտիզան» ֆուտբոլային ակումբին: Խաղասկզբից կես ժամ անց Հայաստանի ներկայացուցիչները բաց թողեցին իրենց առաջին գնդակը: Մեկ րոպե անց «Փյունիկի» պաշտպան Արտակ Եղիազարյանը կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում և երկրորդ խաղակեսի քառորդ րոպեին խփած գնդակները հաղթանակ բերեցին (3:1) հյուրընկալող թիմին:

Այժմ «Փյունիկին», որը հուլիսի 21-ին Երևանում կհյուրընկալի «Պարտիզանին», հաջորդ մրցափուլ անցնելու համար անհրաժեշտ է 2 կամ 3 գոլի առավելությամբ հաղթանակ տանել հյուրերի նկատմամբ:

Այս ամսվա սկզբին ակումբային մեկ այլ մրցաշարում` ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման խաղերում, Երևանը ներկայացնող «Բանանց» և «Ուլիս» ֆուտբոլային ակումբները, առաջին մրցափուլի երկու հանդիպումներում էլ պարտություն կրելով համապատասխանաբար «Անորտոսիսից» (Կիպրոս) և «Բնեյ Եհուդայից» (Իսրայել), դուրս մնացին հետագա պայքարից:

Հայաստանի առաջատար ակումբային մեկ այլ թիմ` «Միկան», ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլում այս երեկո (հուլիսի 15-ին) Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում կհանդիպի տեղի ակումբներից «Ռաբոտնիչկիի» հետ, որը առաջին որակավորման փուլում 11:0 ընդհանուր հաշվով պարտության էր մատնել Անդորրայի թիմին: «Ռաբոտնիչկի»-«Միկա» պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 22-ին Երևանում:

Մինչ օրս Հայաստանից ոչ մի ֆուտբոլային ակումբի չի հաջողվել հասնել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարի հիմնական (աշուն-գարուն) փուլ:

ԱրմենիաՆաուի էջերում