Ֆուտբոլ. Հայաստանի «Միկան» հնարավոր է խաղա «Լիվերպուլի» հետ

Ֆուտբոլ. Հայաստանի «Միկան» հնարավոր է խաղա «Լիվերպուլի» հետ

Logos Liverpool and Mika

Եթե «Միկան» հաղթի «Ռաբոտնիչկի» թիմին, ապա հայ մարզասերները հնարավորություն կունենան վայելելու «Լիվերպուլի» խաղը Երևանում:

Հինգշաբթի Երևանում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլում «Միկա» ֆուտբոլային ակումբը պատասխան հանդիպմանը կհյուրընկալի Մակեդոնիայի թիմին: Հայաստանը ներկայացնող ակումբը հաղթելու մեծ խթան ունի այս փուլում, քանի որ անցյալ շաբաթվա վերջին անցկացված վիճակահանությամբ պարզ դարձավ, որ «Միկա»-«Ռաբոտնիչկի» զույգի հաղթողն ուժերը կչափի Անգլիայի պրեմիեր լիգայի տիտղոսավոր ակումբներից «Լիվերպուլի» հետ, որը, սակայն, վերջերս լավ մարզավիճակում չէ:

Մինչ օրս հայաստանյան ոչ մի ֆուտբոլային ակումբ չի կարողացել հաղթահարել եվրոպական մրցաշարերի նախնական փուլերը և, բնականաբար, երբևէ չի խաղացել «Լիվերպուլի» նման ուժեղ մրցակցի հետ:

Սակայն Երևանի ակումբը սեփական հարկի տակ դեռ պետք է երկու գոլի առավելությամբ հաղթի մրցակցին: Անցյալ շաբաթ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կայացած առաջին հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ հյուրընկալող թիմի:

Հետաքրքրական է, որ բրիտանական Daily Mail (www.dailymail.co.uk) թերթը «Լիվերպուլի» մասին գրում է. «…Անցյալ մրցաշրջանում Անգլիայի պրեմիեր լիգայում 7-րդ տեղում հայտնվելու պատճառով նրանք [«Լիվերպուլը»] զրկվեցին ֆուտբոլային ընտրախավում ընդգրկվելուց, իսկ այն փաստը, որ երրորդ որակավորման փուլում նրանց մրցակիցը կլինի Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» կամ Հայաստանի «Միկա» ակումբը, ընդգծում է «Լիվերպուլի» վատ մարզավիճակը»:

Նախկինում երբեք «Լիվերպուլը» այս երկրները ներկայացնող որևէ թիմի հետ չի խաղացել, և կայքը նույնիսկ անվանել է այն «ուղևորություն դեպի անհայտություն»` փորձելով տեղեկացնել իր ընթերցողներին հավանական մրցակիցների մասին, որոնցից մեկը կփորձի կասեցնել եվրոպական մրցաշարի հնգակի չեմպիոնի առաջխաղացումը:

Եթե «Միկան» հաղթի «Ռաբոտնիչկի» թիմին, ապա հայ մարզասերները հնարավորություն կունենան վայելելու «Լիվերպուլի» խաղը Երևանում օգոստոսի 5-ից ոչ շուտ:

Միևնույն ժամանակ Հայաստանի մեկ այլ ֆուտբոլային ակումբ` «Փյունիկը», որը պայքարում է 2010-2011 թթ. ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հիմնական փուլ անցնելու համար, կարծես ավելի թույլ մրցակից է ունենալու երրորդ` որակավորման վերջին փուլի համար: «Փյունիկի» հավանական մրցակիցներն են Լիտվայի «Էրկանասը» կամ Ֆինլանդիայի «HJK»-ն:

Սակայն նախքան Լիտվայի կամ Ֆինլանդիայի թիմերի հետ հանդիպումը «Փյունիկը» դեռ պետք է կարողանա ընդհանուր հաշվով հաղթել «Պարտիզանին», որին կհյուրընկալի չորեքշաբթի Երևանում: Անցյալ շաբաթ Բելգրադում առաջին հանդիպման ժամանակ Սերբիայի չեմպիոնները հաղթել էին «Փյունիկին» 3:1 հաշվով:
ԱրմենիաՆաուի էջերում