Այս տարի Եվրոպայի ակումբային մրցաշարերում Հայաստանի վերջին հույսը` «Միկա» ֆուտբոլային ակումբը, չկարողացավ չեզոքացնել մեկ գոլի տարբերությունը և անցնել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլիներ ճանաչված անգլիական «Լիվերպուլ» ակումբը:
Թեև հինգշաբթի երևանյան ակումբը սեփական հարկի տակ երկրպագուների ներկայությամբ մեծ խանդավառությամբ էր խաղում` «Միկայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց նյութականացնել բազմաթիվ գոլային հնարավորությունները` Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» թիմի հետ խաղն ավարտելով 0:0 հաշվով: Երկու թիմերի միջև Սկոպիեում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր մակեդոնական թիմի հաղթանակով (1:0):
Երևանյան ակումբի համար բազմաթիվ կորցրած հնարավորություններով խաղում եղավ նաև առնվազն մեկ վիճահարույց դրվագ. մրցավարը երկու անգամ փոխեց իր որոշումն այն բանից հետո, երբ «Ռաբոտնիչկիի» դարպասապահը կոպիտ խաղաց «Միկայի» հարձակվողի նկատմամբ: Իր օգնականի հետ խորհրդակցելով` չեխ մրցավարը ձեռնպահ մնաց առաջին խաղակեսի վերջնամասում մակեդոնական թիմի դարպասին 11 մետրանոց հարված նշանակելուց: «Միկան» շարունակեց ճնշում գործադրել, սակայն այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել:
«Միկան» ավարտեց, այսպես ասած, ևս մեկ ձախողված մրցաշրջան հայաստանյան թիմերի համար եվրոպական ակումբային մրցաշարերում: Ավելի վաղ Հայաստանի տիտղոսակիր «Փյունիկ» ակումբը նույնպես լքել էր ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգան` որակավորման երկրորդ փուլում պարտվելով Սերբիայի «Պարտիզանին»: «Բանանցը» և «Ուլիսը», որոնք մասնակցում էին մեկ այլ համաեվրոպական ակումբային մրցաշարի` ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգային, առաջին իսկ մրցափուլում դուրս մնացին հետագա պայքարից` պարտվելով համապատասխանաբար «Անարտոսիսին» (Կիպրոս) և «Բնեյ Եհուդային» (Իսրայել):
Եվրոպական գավաթի մրցաշարերում այս ամառ ութ խաղերում հայաստանյան ակումբները կրել են վեց պարտություն և կարողացել են ընդամենը երկու գոլազուրկ ոչ-ոքի գրանցել: (Չորս թիմերը ութ խաղում խփել են ընդամենը մեկ գնդակ` բաց թողնելով տասը:)
Անկախությունից հետո, երբ 1990-ականներին Հայաստանն անդամակցեց եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմնին, ոչ մի հայաստանյան ֆուտբոլային ակումբի չի հաջողվել հանդես գալ եվրոպական մրցաշարերի հիմնական փուլերում:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.