Ուկրաինական լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկն ակնկալում է, որ հայազգի նոր թիմակիցը կօգնի իրենց ավելի լավ արդյունքներ ցույց տալու երկրի բարձրագույն խմբի առաջնությունում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում, որը կմեկնարկի այս ամսվա վերջին:
Այս շաբաթ Դոնեցկի «Շախտյորը» հայտարարել է, որ նրանք 6 մլն եվրոյով (մոտ 7,5 դոլար) ավարտել են երիտասարդ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի գործընթացը նույն քաղաքի մրցակից ակումբից` «Մետալուրգից»:
21-ամյա հայազգի լեգեոները, որը հինգ տարվա պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ, երեքշաբթի միջազգային տրանսֆերային պատուհանի անմիջապես փակվելուց առաջ դարձավ մինչ օրս հայաստանցի ամենաբարձր վճարվոր ֆուտբոլիստը:
Մխիթարյանը, որը հայազգի հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է, իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ» ակումբում, որի կազմում հանդես գալով 69 անգամ` 30 գոլի հեղինակ է դարձել: 2009-2010 թթ. մրցաշրջանում խաղացել է Դոնեցկի «Մետալուրգի» կազմում և անմիջապես դարձել թիմի առանցքային խաղացողներից մեկը` 29 խաղում խփելով ինը գնդակ և նշանակվելով թիմի ավագ:
Տաղանդավոր կիսապաշտպանը, նախքան ուկրաինական առաջատար թիմ (ներկայումս երկրի բարձրագույն խմբի առաջնությունում գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավորով առաջ է անցել Կիևի «Դինամոյից») տեղափոխվելը Հայաստանում խաղացել է և´ մինչև 21 տարեկանների, և´ հիմնական հավաքականում, իսկ 2010-2011 թթ. մրցաշրջանի առաջին 7 խաղում արդեն իր ակտիվում երեք գոլ է գրանցել:
«Շախտյորի» ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուն ռուսաստանյան Sport-Express թերթին տված հարցազրույցում ասել է, որ Մխիթարյանի ելույթներին հետևում է դեռ այն ժամանակից, երբ երեք տարի առաջ Չեմպիոնների լիգայի որակավորման խաղերի ժամանակ ուկրաինական ակումբն իր ուժերն էր չափում «Փյունիկի» հետ: Նա ասաց, թե հավատացած է, որ հայազգի ֆուտբոլիստը կսրի մրցակցությունը խաղադաշտի կենտրոնում:
Մխիթարյանը նույնպես կարծում է, որ իր տրանսֆերը «խիստ կարևոր քայլ է», որը կբարձրացնի իր խաղամակարդակը:
«Դոնեցկի «Շոխտյորն» ուժեղ թիմ է, և ինձ համար շատ կարևոր կլինի պայքարել հիմնական կազմում ընդգրկվելու համար»,- ասել է նա ուկրաինական ակումբի պաշտոնական կայքում (www.shakhtar.com):
«Մեծ ակնկալիքներ ունեմ: Իհարկե, հնարավոր չէ հարյուր տոկոսով համոզված լինել, որ եթե «Շախտյոր» ես տեղափոխվել, ապա երաշխավորված ես հիմնական կազմում ընդգրկվելու: Առաջին հերթին պետք է լավ ֆուտբոլ ցույց տալ մարզումների ժամանակ, որպեսզի մեկնարկային կազմում տեղ ունենաս»,- հավելել է Մխիթարյանը, որը կհագնի «Շախտյորի» 22 համարի մարզաշապիկը:
Լուչեսկուն ակնկալում է, որ Մխիթարյանը, ով Հայաստան է եկել ազգային հավաքականի կազմում Եվրո-2012-ի որակավորման խաղերին մասնակցելու, վերադառնալուց անմիջապես հետո կմիանա ակումբին, որպեսզի մասնակցի ամսվա կեսին մեկնարկող Չեմպիոնների լիգայի մրցաշարին, որտեղ «Շախտյորի» մրցակիցները կլինեն նույն խմբում ընդգրկված Բելգրադի «Պարտիզանը» (Սերբիա), «Սպորտինգ Բրագան» (Պորտուգալիա) և Լոնդոնի «Արսենալը»:
Մխիթարյանը հուզմունքով է խոսում այս հնարավորության մասին. «Հավանաբար յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է, որ իր կարիերայի ընթացքում նման մակարդակի խաղերի մասնակցի: Նա երազում է մարզադաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի հիմնի հնչյունների ներքո… Սակայն այս մրցաշարում խաղալը միայն հաճույք չէ, այլև կարծում եմ` բավական դժվար»:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.