Պլատինե փոխանցում. ՈՒԵՖԱ-ի նախագահը Երևանում մասնակցում է ֆուտբոլի ակադեմիայի բացմանը

Պլատինե փոխանցում. ՈՒԵՖԱ-ի նախագահը Երևանում մասնակցում է ֆուտբոլի ակադեմիայի բացմանը

Ֆոտոլուր

Պլատինին նախագահ Սարգսյանից արժանացավ պարգևի` հայկական ֆուտբոլին «լավ փոխանցումներ կատարելու համար»:

Այս սեպտեմբերի մեկը տոնական էր ոչ միայն դպրոցականների և ուսանողների, այլ նաև հայ ֆուտբոլիստների համար, որոնք այսուհետ ունեն ժամանակակից ֆուտբոլային ակադեմիայում մարզվելու հնարավորություն: Ակադեմիան կառուցվել է միջազգային ֆուտբոլի կառավարող մարմինների աջակցությամբ:


Երևանի Ավան վարչական շրջանում կառուցված` Հարավային Կովկասի ամենամեծ ֆուտբոլի ակադեմիայի նպատակը հայկական ֆուտբոլի զարգացումն է:

Ֆուտբոլի ակադեմիայի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը և այլ բարձրաստիճան անձինք:

Ինչպես իր խոսքում նշեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ակադեմիան ապահովված է մարզումների համար բոլոր պայմաններով:

«Այս ժամանակակից կենտրոնը երկար ժամանակ երազանք էր, իսկ այսօր` իրողություն»,- ասաց նա:
Ֆուբոլային ակադեմիայի հիմնարկեքը դրվել էր դեռ երեք տարի առաջ` 2007-ին, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ նախագահների մասնակցությամբ: Այժմ այստեղ կա հինգ խաղադաշտ, որտեղ կարող են անվճար մարզվել մոտ 1000 երեխա, որոնք հետագայում կարող են համալրել Հայաստանի ֆուտբոլային ակումբները:

Ակադեմիան նաև հնարավորություն է տալիս միաժամանակ 5-6 թիմերի իրենց հավաքներն անցկացնելու այստեղ: Ակադեմիայում կարող են մարզվել նաև այլ մարզաձևերի ներկայացուցիչներ` լողորդներ, թենիսիստներ, բասկետբոլիստներ: Ֆուտբոլիստների համար կառուցվել են նաև հյուրանոցային համալիր և վերականգնողական կենտրոն:

Ֆուտբոլի ակադեմիայի կառուցման վրա ծախսվել է 12 մլն դոլար, որի 2/3-ը` 7 մլն դոլարը, տրամադրել է ՈՒԵՖԱ-ն, 400 հազարը` ՖԻՖԱ-ն, իսկ 4 մլն 125 հազարը` ՀՖՖ-ն:

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներն արդեն սկսել են ուսումնամարզական հավաք անցկացնել այստեղ` նախապատրաստվելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլերի հանդիպումներին: Երկրի հիմնական հավաքականը սեպտեմբերի 3-ին և 7-ին համապատասխանաբար կխաղա Իռլանդիայի Հանրապետության հետ Երևանում և Մակեդոնիայի հետ` Սկոպիեում:
Երիտասարդական հավաքականը մեկնելու է Թբիլիսի, որտեղ սեպտեմբերի 7-ին ուժերը կչափի Վրաստանի ընտրանու հետ:

«Երեք տարի առաջ գալով այստեղ` մենք վերջին փոխանցումն արեցինք և այսօր տեսնում ենք գոլը: Սա գոլ չէ Իռլանդիայի հավաքականի դարպասը, սակայն գոլ է հայկական ֆուտբոլի զարգացման համար:
Հույս ունեմ, որ այս ակադեմիան կծառայի իր նպատակին: Ամենակարևորն այն է, որ երեխաները մեծ հաճույք ստանան իրենց մարզումային պայմաններից»,- նշեց ՈՒԵՖԱ-ի նախագահը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը և ՀՖՖ նախագահին կառույցն ավարտական տեսքի հասցնելու համար:

Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը նպաստելու գործում ունեցած ավանդի համար Միշել Պլատինիին պարգևատրեց «Պատվո շքանշանով»:

Նախագահն ասաց, որ Պլատինին (Ֆրանսիայի հավաքականի 80-ականների ֆուտբոլային աստղ) պարգևատրվում է այն բանի համար, որ «որ մեզ շատ լավ փոխանցումներ է կատարում»:

«Վստահ եմ, որ այդ փոխանցումները շարունակելու եք կատարել»,- ասաց Սարգսյանը:

Այնուհետև բարձրաստիճան հյուրերը շրջեցին ակադեմիայով, ծանոթացան պայմաններին, ինչպես նաև հետևեցին նոր ակադեմիայի առաջին սաների ֆուտբոլային մարզումներին:

Դրանից հետո Ռուբեն Հայրապետյանն ու Պլատինին պատասխանեցին լրագրողների հարցերին:
Պլատինին հրաժարվեց գնահատական տալ հայկական ֆուտբոլին:

«Ես Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների ֆուտբոլի մասնագետ չեմ, իմ` որպես ՈՒԵՖԱ-ի նախագահի միակ դերը ազգային ֆեդերացիաներին աջակցություն ցուցաբերելն է: Հայկական ֆուտբոլը Եվրոպայում հեռուստացույցով չեն ցուցադրում, ուստի ես շատ խաղեր չեմ տեսնել»,- ասաց նա` հավելելով, որ անցյալ տարի Թուրքիայի Բուրսա քաղաքում հետևել է Թուրքիա-Հայաստան խաղին և կարծում է, որ Հայաստանը լավ խաղաց:
ԱրմենիաՆաուի էջերում