Ֆուտբոլ. չնայած որակավորման փուլի առաջին խաղում կրած պարտությանը` Հայաստանի ընտրանին արժանացավ մարզչի գովեստին

Ֆուտբոլ. չնայած որակավորման փուլի առաջին խաղում կրած պարտությանը` Հայաստանի ընտրանին արժանացավ մարզչի գովեստին

Ֆոտոլուր

Հայաստանի հավաքականի նորեկ Յուրա Մովսիսյանը պայքարում է իռլանդացի ֆուտբոլիստի հետ`գնդակին տիրելու համար:

Թեև ուրբաթ Երևանում Եվրո-2012 որակավորման շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին խաղում պարտվեց Իռլանդիայի Հանրապետության ընտրանուն, սակայն արժանացավ գլխավոր մարզչի դրվատանքին «լավ խաղ ցույց տալու» համար:


16.000 տեղ ունեցող «Վազգեն Սարգսյան» հանրապետական մարզադաշտում` 9000 մարզասերների ներկայությամբ, Վարդան Մինասյանի սաները հավասար, նույնիսկ ավելի լավ խաղ ցույց տվեցին, քան Իռլանդիայի հավաքականը:

Վիճակագրությամբ` Հայաստանը ավելի շատ հարվածներ է կատարել դեպի մրցակցի դարպասը, ավելի քիչ խախտել խաղի կանոնները և ավելի շատ անկյունայիններ վաստակել: Սակայն լարված պայքարում տանտերերը հաշիվը բացելու մի քանի լավ հնարավորություն բաց թողեցին, և խաղավարտից առաջ հյուրերին հաջողվեց մեկ գոլ գրանցել սեփական հաշվին:

Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես եկող ամերիկահայ Յուրա Մովսիսյանը (հարձակվող) մի քանի լավ հարձակում կազմակերպեց դեպի մրցակցի դարպասը, այդ թվում` երկու հուժկու հարված կատարեց Շեյ Գիվենի պաշտպանած դարպասը, սակայն հարվածները փոքր-ինչ շեղ էին, և գնդակը չհայտնվեց Իռլանդիայի հավաքականի սարդոստայնում:

Հայաստանի հավաքականի ծագող աստղ Հենրիկ Մխիթարյանը, որն անցյալ ամիս 6 միլիոն եվրո արժողությամբ (7,5 մլն դոլար) պայմանագիր է կնքել Ուկրաինայի առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկի` Դոնեցկի «Շախտյորի» հետ, լավ դրսևորեց իրեն որպես հարձակվող կիսապաշտպան և լարվածություն ստեղծեց Իռլանդիայի տուգանային հրապարակի մատույցներում և դրա ներսում:

Լևոն Պաչաջյանը, Էդգար Մալաքյանը և մյուսները նույնպես ամբողջ խաղադաշտում ճնշման տակ էին պահում հյուրերին:

Փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին մի քանի անգամ փրկեց իր թիմին և անառիկ պահեց դարպասը Իռլանդիայի ընտրանու փորձառու հարձակվող Ռոբի Քինի մի քանի գրոհներից: 36-ամյա դարպասապահին այս գրոհներից մեկի ժամանակ մի փոքր օգնեց նաև ձախ կողմի դարպասաձողը:

Հայաստանի ընտրանին շարունակում էր գոլային հնարավորություններ ստեղծել, նաև երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Էդգար Մանասերյանի շնորհիվ, նույնիսկ այն ժամանակ, երբ 76-րդ րոպեին Քեյթ Ֆեհիի խփած գնդակից հետո, որը երեք միավորանոց հաղթանակ պարգևեց հյուրերին:

Մինասյանը, որը պաշտոնական խաղում առաջին անգամ էր հանդես գալիս հավաքականի մշտական գլխավոր մարզչի պաշտոնում, ասաց, որ իր թիմն արժանի էր առնվազն ոչ-ոքիի:

«Այսօր բոլորն էլ անմնացորդ նվիրումով հանդես եկան: Մենք պարտվեցինք, սակայն լավ և գովեստի արժանի խաղ ցույց տվեցինք»,- խաղից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

«Համոզված եմ` ֆուտբոլիստներն իրենք էլ զգացին, որ լավ էին խաղում»,- հավելեց նա:

Մինասյանն ասաց, որ հավաքականի ամրապնդումը շարունակում է մնալ իր առաջնային խնդիրը, և որ երբեմն նա ավելի շատ մտահոգված է թիմային աշխատանքով և լավ խաղ ցույց տալով, քան արդյունքների հասնելով:

Եվրո-2012-ի որակավորման շրջանակներում B խմբում ընդգրկված Հայաստանի հաջորդ մրցակիցը Մակեդոնիայի հավաքականն է: Խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին Սկոպիեում:

Ուրբաթ Մակեդոնիան առաջին խաղում 0:1 հաշվով պարտություն կրեց Սլովակիայի հավաքականից:

Իր առաջին խաղում հաջողության հասավ նաև Ռուսաստանի ընտրանին` 2:0 հաշվով հաղթելով վեց ազգային հավաքականներից բաղկացած խմբի հետնապահ Անդորրայի ընտրանուն:

ԱրմենիաՆաուի էջերում