0:0 հաշիվն ավելի լավ է, քան 0 միավորը. Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային դիմակայությունը գոլազուրկ ավարտվեց

0:0 հաշիվն ավելի լավ է, քան 0 միավորը. Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային դիմակայությունը գոլազուրկ ավարտվեց

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Fans not at the sold-out match watched from a giant screen near the Opera House.

Շաբաթ երեկոյան Երևանի «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում 0:0 հաշվով ավարտված Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումից հետո հայ մարզասերները ստիպված կլինեն բավարարվել իրենց սիրելի թիմի բարոյական հաղթանակով:


ՈՒԵՖԱ-ի կազմակերպած «Եվրո-2012»-ի որակավորման (հիմնական փուլն անցկացվելու է Լեհաստանում և Ուկրաինայում) խաղերի շրջանակում կարմիր-կապույտ մարզահագուստով խաղադաշտ ելած հավաքականը երկար սպասված հանդիպման ժամանակ հյուրընկալեց B խմբի առաջատարին:

Ոչ-ոքի խաղից հետո երկու թիմերը վաստակեցին մեկական միավոր, և վեց երկրների ազգային ընտրանիներից բաղկացած խմբի մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չեղան, որոնք, սակայն, խմբային մյուս հանդիպումներից հետո հնարավոր է գրանցվեն մինչև հունիսի 4-ը, երբ Ռուսաստանում Հայաստանի ընտրանին կանցկացնի պատասխան հանդիպումը:

Ռուսաստանի հավաքականն առաջին խաղակեսի 23-45-րդ րոպեներին (այդ թվում` մեկ ավելացրած) ճնշում էր գործադրում հակառակորդի վրա, երբ դարպասապահ Ռոման Բերեզովսկին երեք (ընդհանուր խաղում` չորս) անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլից:

Սակայն ընդմիջումից հետո` առաջին իսկ րոպեներից, հյուրընկալող թիմը նետվեց գրոհի: Հայաստանի ընտրանու խաղին նոր լիցք հաղորդեց «Այաքսի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը փոխարինման դուրս եկավ 49-րդ րոպեին` հաջողությամբ մտնելով պայքարի մեջ:

52-րդ րոպեին խաղի հաշիվը բացելու լավ հնարավորություն ընձեռվեց Հայաստանի հավաքականին, որի երեք խաղացողներ տուգանային հրապարակում դուրս եկան հակառակորդի երկու ֆուտբոլիստների դիմաց, սակայն գրեթե 4,5 մ հեռավորությունից Յուրա Մովսիսյանի ձախից հարվածը շեղ ստացվեց:

Թիմերը նույնքան (9) հարված կատարեցին դեպի մրցակցի դարպասը, սակայն Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվեց ընդամենը մեկ անկյունային իրացնել, մինչդեռ Ռուսաստանի հավաքականը 13 անգամ կարողացավ անկյունային հարվածի իրավունք վաստակել:
Հայաստանը նախկինում երբեք գոլ չի խփել կամ միավոր չի կորզել Ռուսաստանի ընտրանուց, և բուքմեյքերական գրասենյակները նրա հաղթելու հավանականությունը գնահատում էին 1-ը 7-ի հարաբերությամբ:

15.000 տեղանոց մարզադաշտում կազմակերպված հանդիպման տոմսերն (8-20 դոլար) արդեն վաճառվել էին խաղից 10 օր առաջ և դրանց վաճառքի մեկնարկից դեռ մեկ շաբաթ չանցած, ինչը ցույց էր տալիս մեծ հետաքրքրությունն այն խաղի նկատմամբ, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականն իր ուժերը չափեց երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ընտրանու հետ:

ԱրմենիաՆաուի էջերում