Եռագույն երազներ. Հայաստանը` 4, Մակեդոնիան 1 գնդակ` ՈՒԵՖԱ-ի որակավորման խաղում
Անկախ Հայաստանը ֆուտբոլային նման հաջողության երբեք չէր հասել: Այս անակնկալ շրջադարձը հնարավոր դարձավ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի շնորհիվ: Միևնույն ժամանակ, միջազգային մրցաշարերում թիմային մարզաձևերում առանձնապես աչքի չընկնող Հայաստանն այս առումով հետևողականորեն վերելք է ապրում: Հույսերն սկսեցին շոշափելի դառնալ ուրբաթ կայացած խաղի 28-րդ րոպեին, երբ հարձակվող Յուրա Մովսիսյանը մրցակցի տուգանային հրապարակում շրջանցեց մակեդոնացի չորս պաշտպանների և դժվար դիրքից փայլուն փոխանցում կատարեց թիմակցին օգնության շտապող մյուս հարձակվող Մարկոս Պիզելիին, որը հարմար դիրքից չվրիպեց: 6 րոպե անց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից անվրեպ խոցեց Մակեդոնիայի դարպասապահ Մարտին Բոգատինովի պաշտպանած դարպասը: Սա 22-ամյա Մխիթարյանի 5-րդ գոլն էր ՈՒԵՖԱ-ի մրցաշարի շրջանակներում անցկացրած 9 խաղում, իսկ Հայաստանի ընտրանու` 19-րդը, որով ազգային հավաքականը ներկա պահին շրջանցել է B խմբի բոլոր մրցակիցներին: Երկրորդ խաղակեսում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում էին մարզադաշտում ավելի շատ տիրապետել գնդակին, ինչն ավելի հեշտ դարձավ, երբ հյուրընկալող թիմի ավագ Վելիչե Շումուլիկոսկին այս հանդիպման ընթացքում իր երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո ստիպված եղավ 53-րդ րոպեին լքել խաղադաշտը: 69-րդ րոպեին հարձակվող Գևորգ Ղազարյանը, լավ փոխանցում ստանալով թիմակցից, ձախ ոտքի մեկ հպումով գնդակն ուղարկեց մրցակցի սարդոստայնի ձախ անկյունը` այդ կերպ, ըստ էության, վճռելով խաղի ելքը: 86-րդ րոպեին մակեդոնացի Վանչե Շիկովը թիմակցի անկյունային հարվածի իրացումից հետո գլխի հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Բացառությամբ այս դրվագի, Հայաստանի ընտրանին գրեթե անթերի գործեց ողջ խաղի ընթացքում: Ուրբաթ 15.000 տեղանոց մարզադաշտը լեփ-լեցուն էր մարզասերներով, բազմաթիվ ֆուտբոլասերներ էին հավաքվել նաև Երևանի Ֆրանսիայի հրապարակում` խաղին հետևելու մեծ էկրանի վրա: Երկրպագուների ցնծությունը հասավ իր գագաթնակետին, երբ 75-րդ րոպեին փոխարինման դուրս եկած հարձակվող Արթուր Սարկիսովը ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին, դեմ առ դեմ հանդիպելով Բոգատինովին, խաբս տվեց նրան և վերջին անգամ գրավեց մրցակցի անպաշտպան դարպասը: Այս հաղթանակը հնարավորություն է տալիս Հայաստանին շարունակել հուսալ, որ ազգային հավաքականին կհաջողվի հաղթահարել որակավորման փուլը և մասնակցել գալիք տարվա հունիսի 8-ից հուլիսի 1-ը Լեհաստանում և Ուկրաինայում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը: Այս հաղթանակը նաև մրցաշարի դրամատիկ ավարտ է խոստանում, երբ Հայաստանը հոկտեմբերի 11-ին Դուբլինում ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ: Հաղթանակն իռլանդացիների դեմ (ընթացիկ մրցաշարի շրջանակներում Իռլանդիայի ընտրանու հետ առաջին խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է, և ուրբաթ օրվա խաղից առաջ մեկ միավորով առաջ էր Հայաստանի հավաքականից) վճռորոշ է լինելու Հայաստանի համար հաջորդ փուլ անցնելու առումով:
Other Articles in Ֆուտբոլ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.