Հայաստան-Իռլանդիա` անտեղյակների համար. ո՞րն է այս երեկո կայանալիք (ֆուտբոլային) խաղի կարևորությունը
- Ինչո՞ւ է այս երեկո Դուբլինում կայանալիք խաղն այսքան կարևոր: - Այսօր երեկոյան` Հայաստանի ժամանակով 22:45-ին, Հայաստանի հավաքականն անկախությունից ի վեր առաջին անգամ լուրջ հնարավորություն ունի ֆուտբոլի միջազգային մրցաշարին մասնակցելու ուղեգիր ձեռք բերելու համար: Հաղթանակի դեպքում ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի 2012 թ. Եվրոպայի առաջնության համար պայքարը կշարունակի փլեյ օֆում: - Ի՞նչ է ՈՒԵՖԱ-ն : - ՈՒԵՖԱ-ն եվրոպական ֆուտբոլի ընկերակցությունների միություն է: Այն կազմված է 53 անդամ ընկերակցություններից: Հայաստանը նրան անդամակցել է 1992 թ.: Եվրոպական առաջնության որակավորման խաղերը տևում են երկու տարի: Մասնակիցներից 14-ին է հաջողվում ձեռք բերել հիմնական առաջնությանը մասնակցելու ուղեգիր: Մինչ օրս Հայաստանի ընտրանու լավագույն արդյունքը եղել է 2004-ին, երբ ազգային ընտրանին 6 հավաքականներից բաղկացած խմբում զբաղեցրել էր չորրորդ հորիզոնականը: Որակավորման խաղերն անցկացվում են 9 խմբերում: Այս անգամ B խմբում ընդգրկված Հայաստանի մրցակիցներն են Ռուսաստանը, Իռլանդիայի Հանրապետությունը, Սլովակիան, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավիայի Հանրապետությունը և Անդորրան: Այս խաղից առաջ Հայաստանի ընտրանին 17 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և 1 միավորով հետ է մնում Իռլանդիայի ներկայացուցիչներից: - Միավորներ ասելով նկատի ունեք գոլե՞րը: - Ո´չ: Միավորները կուտակվում են ողջ մրցաշարի ընթացքում: Հաղթանակի դեպքում թիմը վաստակում է 3, ոչ-ոքիի դեպքում` 1, պարտության դեպքում` 0 միավոր: - Ի՞նչ կլինի, եթե Հայաստանի հավաքականն այս երեկո հաղթի: - Հաղթանակը Հայաստանին հնարավորություն կտա նոյեմբերին մասնակցելու փլեյ օֆ կանոնակարգով անցկացվելիք մրցաշարին, որտեղ երկու խաղ կխաղա մյուս 7 խմբերում երկրորդ տեղը նվաճած թիմերից մեկի հետ: Փլեյ օֆում հաղթողները ձեռք կբերեն ուղեգիր` մասնակցելու «Եվրո-2012»-ի առաջնությանը, որը կանցկացվի գալիք տարվա ամռանը Լեհաստանում և Ուկրաինայում: - Ի՞նչ կլինի, եթե Հայաստանի ընտրանին պարտվի այս երեկո: - Այդ դեպքում Հայաստանի հավաքականը խմբում կզբաղեցնի երրորդ հորիզոնականը, իսկ փլեյ օֆում իր բախտը կփորձի Իռլանդիայի ընտրանին: Այդուհանդերձ դա կլինի Հայաստանի ներկայացուցիչների մեծագույն նվաճումը` տեղի, միավորների, գոլերի տարբերության և այլ առումներով: - Ի՞նչ կլինի, եթե խաղն ավարտվի ոչ-ոքի: - Այդ դեպքում նույնպես Հայաստանը կզբաղեցնի երրորդ տեղը` առաջին երկու տեղերը զիջելով համապատասխանաբար Ռուսաստանի և Իռլանդիայի ընտրանիներին: - Բացի այն, երբ խաղացողները վայր են ընկնում` ասես դիպուկահարի գնդակից, կամ ինչ-որ մեկը բղավում է` գո~ո~ո~ոոոոոոոոոոլ, ես գաղափար չունեմ` ի´նչ է տեղի ունենում դաշտում (եթե չեմ սխալվում` դրան մարզադաշտ եք ասում, չէ՞): Այսինքն` բացի հաշվից, էլ ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Հայաստանը լավ է խաղում: - Այս երեկո Հայաստանի ընտրանին պետք է ապավինի ամուր պաշտպանությանը, գնդակի տիրապետմանը կիսադաշտում, ճշգրիտ փոխանցումներին և կոմբինացիոն խաղին: Նման դեպքում հնարավոր կլինի գոլային պահեր ստեղծել մրցակցի դարպասի մատույցներում և հուսալ, որ Հայաստանի հավաքականում ընդգրկված ռմբարկուները կօգտագործեն հակառակորդի սարդոստայնը խոցելու իրենց ընդունակությունները: - Ո՞ր հայ ֆուտբոլիստների խաղին պետք է հատկապես հետևեմ: - Ըստ էության` բոլոր 11-ի (այդ թվում` երեք հնարավոր փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստների): Հատկապես պետք է հետևել հարձակվողներ Յուրա Մովսիսյանի, Մարկոս Պիզելիի, Գևորգ Ղազարյանի, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, դարպասապահ Ռոման Բերեզովսկու և այլոց խաղին: - Ո՞ր իռլանդացի խաղացողներին պետք է (թշնամու աչքով) հետևեմ: - Իռլանդացի առանցքային խաղացող Ռոբի Քինի բացակայության պայմաններում պետք է ուշադրություն դարձնել նրան փոխարինող Սայմն Քոքսին: Մյուս փորձառու խաղացողներից են դարպասապահ Շայ Գիվընը, որը նաև թիմի ավագն է, «Մանչեսթեր յունայթեդի» նախկին պաշտպան Ջոն Օ’Շին, «Չելսիի» նախկին կիսապաշտպան Դեմիըն Դաֆը, Մոսկվայի «Սպարտակի» եզրային հարձակվող Այդն ՄքԳեդին և այլք: - Շատ ուշ է Դուբլին թռչելու համար: Ինչպե՞ս կարող եմ հետևել խաղին: - Խաղը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ («Հ1»): Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: Հայաստան-Իռլանդիա դիմակայությունը կարելի է դիտել նաև www.uefa.com-ում: Ակնկալվում է, որ հայ մարզասերները կհավաքվեն նաև օպերայի շենքի առջևում գտնվող Ֆրանսիայի հրապարակում` երկրպագելու իրենց սիրելի թիմին մեծ էկրանների վրա:
Other Articles in Ֆուտբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.