Հայաստանի ֆուտբոլի ղեկավարը. բողոք ընդդեմ Դուբլինում իսպանացի մրցավարի որոշումների

Հայաստանի ֆուտբոլի ղեկավարը. բողոք ընդդեմ Դուբլինում իսպանացի մրցավարի որոշումների

Ֆոտոլուր

Հայաստանը բողոքել է «Եվրո-2012»-ի որակավորման խաղերի շրջանակում երեքշաբթի Դուբլինում կայացած Իռլանդիայի հետ հանդիպման ժամանակ իսպանացի մրցավարի որոշումներից, որոնք խոչընդոտեցին Հայաստանի ընտրանուն անցումային փուլ անցնելը:

Չորեքշաբթի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն անձամբ գրել է «Ֆեյսբուքի» իր էջի «պատին», որ ՀՖՖ-ի ներկայացուցիչները բողոքարկել են խաղը սպասարկած մրցավարի որոշումը:

Հոկտեմբերի 11-ին Դուբլինում «Ավիվա» մարզադաշտում անցկացվող խաղը սպասարկող գլխավոր մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսն առաջին խաղակեսի 26-րդ րոպեին կարմիր քարտ ցույց տվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն տուգանային հրապարակից դուրս ենթադրյալ ձեռքով խաղի համար, որից հետո փորձառու խաղացողը ստիպված եղավ լքել մարզադաշտը:

Սակայն տեսագրության մեջ երևում է, որ Բերեզովսկին գնդակի ճանապարհը կրծքով է փակում: Ավելին` իռլանդացի ֆուտբոլիստն ինքն է ձեռքով խաղացել` կասեցնելով իրեն հասցեագրված երկար փոխանցումը, դրանով իսկ Բերեզովսկու վիճահարույց սխալի քննարկումը դառնում է անիմաստ:

Խաղն ի վերջո ավարտվեց 2:1 հօգուտ տանտերերի, և Հայաստանի ներկայացուցիչները դուրս մնացին հետագա պայքարից` զրկվելով հետխորհրդային Հայաստանի ֆուտբոլի պատմությունում նոր էջ բացելու հույսից:

Երկրպագուներին ուղղված իր խոսքում Հայրապետյանը չի մանրամասնել պաշտոնական բողոքարկման առնչությամբ` ասելով, որ ՀՖՖ-ին ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկու կարմիր քարտի չեղյալ անելը, քան «տգետ մրցավարին պատժելը»: Բացի մարզադաշտում ունեցած խնդիրներից, կարմիր քարտը նշանակում է նաև, որ խաղացողը բաց կթողնի հաջորդ խաղը կամ խաղերը` կախված կարգապահական մարմինների հետագա որոշումից: Եթե պատիժը մնա, դա կնշանակի, որ գալիք տարվա սեպտեմբերին աշխարհի առաջնության որակավորման խաղերում Հայաստանն իր մրցելույթները կմեկնարկի առանց փորձառու դարպասապահի: Կարմիր քարտը չեղյալ հայտարարելն անուղղակիորեն կնշանակի, որ ՈՒԵՖԱ-ն ընդունում է մրցավարական սխալը: Սակայն ֆուտբոլի կառավարող մարմինն անշուշտ չի ցանկանա առնչվել դրա հետևանքների հետ` հաշվի առնելով խաղի ելքի կարևորությունը, մասնավորապես Հայաստանի համար:

Միևնույն ժամանակ ՀՖՖ նախագահ Հայրապետյանն անդրադարձել է նաև այն խոսակցություններին, թե ՈՒԵՖԱ-ն նախապես պատվիրել էր խաղը մրցավարել հօգուտ իռլանդացիների` հաշվի առնելով այն, որ 2009 թ. Փարիզում վատ մրցավարության հետևանքով կանաչ մարզաշապիկներով հանդես եկող թիմը երկու խաղերի արդյունքով դուրս մնաց աշխարհի գավաթի համար հետագա պայքարից, երբ փլեյ օֆում մրցում էր Ֆրանսիայի հավաքականի հետ: Հայրապետյանը մասնավորապես ասել է. «ՈՒԵՖԱ-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել»:

«Ֆեյսբուքի» իր էջում ՀՖՖ նախագահը նաև դրվատել է թիմին բարձրորակ մրցելույթի համար` շնորհակալություն հայտնելով հայ երկրպագուներին դժվարին պահին հավաքականին զորակցելու համար:
ԱրմենիաՆաուի էջերում