Ֆուտբոլի երկրպագուներն ընդդեմ Գոնսալեսի. «Ֆեյսբուքի» հայ օգտատերերն արշավ են սկսել իսպանացի մրցավարի դեմ
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հեռացվում է խաղադաշտից ՈՒԵՖԱ-ի «Եվրո-2012»-ի որակավորման փուլում Իռլանդիայի դեմ խաղի ժամանակ (2011 թ. հոկտեմբերի 11-ին) Հայաստանում բողոքի ալիքը բարձրացավ հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած խաղից հետո, երբ, շատերի կարծիքով, մրցավարը զրկեց Հայաստանի հավաքականին անցումային փուլ դուրս գալու հնարավորությունից: Առաջին խաղակեսի 26-րդ րոպեին խաղը սպասարկող 44-ամյա Էդվարդո Իտուրալդե Գոնսալեսը կարմիր քարտ ցույց տվեց Հայաստանի ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկուն տուգանային հրապարակից դուրս ենթադրյալ ձեռքով խաղի համար, որից հետո փորձառու դարպասապահը ստիպված եղավ լքել մարզադաշտը: Սակայն տեսագրության մեջ երևում է, որ Բերեզովսկին գնդակի ճանապարհը կրծքով է փակում: Ավելին` իռլանդացի ֆուտբոլիստն ինքն է ձեռքով խաղացել` կասեցնելով իրեն հասցեագրված երկար փոխանցումը, դրանով իսկ Բերեզովսկու վիճահարույց սխալի քննարկումը դառնում է անիմաստ: Շատերի կարծիքով` այդ պահը վճռորոշ եղավ որակավորման խաղի ելքի առումով, որն ավարտվեց 2:1 հօգուտ իռլանդացիների: Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ և եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմնի` ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինիին ուղղված բաց նամակում հայ երկրպագուներն իրենց պահանջն են հայտնել Գոնսալեսի անարդար մրցավարության առնչությամբ: «Հայաստանն առաջին անգամ է պայքարում «Եվրո-2012»-ի համար և կորցրեց այդ հնարավորությունը մրցավարի պատճառով,- ասել են երկրպագուները «Ֆեյսբուքում»: - Մենք սպասում ենք Ձեր` որպես աշխարհահռչակ ֆուտբոլիստի և հասարակական գործչի միջամտությանը: ՈՒԵՖԱ-ն պետք է պատժի Գոնսալեսին և զրկի նրան իր պրակտիկան շարունակելու հնարավորությունից»: Ավելի վաղ «Ֆեյսբուքի» իր էջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. ՀՖՖ-ին ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկու կարմիր քարտի չեղյալ անելը, քան «տգետ մրցավարին պատժելը»: Միևնույն ժամանակ ՀՖՖ նախագահ Հայրապետյանն անդրադարձել է նաև այն խոսակցություններին, թե ՈՒԵՖԱ-ն նախապես պատվիրել էր խաղը մրցավարել հօգուտ իռլանդացիների` հաշվի առնելով այն, որ 2009 թ. Փարիզում վատ մրցավարության հետևանքով կանաչ մարզաշապիկներով հանդես եկող թիմը երկու խաղերի արդյունքով դուրս մնաց աշխարհի գավաթի համար հետագա պայքարից, երբ փլեյ օֆում մրցում էր Ֆրանսիայի հավաքականի հետ: Հայրապետյանը մասնավորապես ասել է. «ՈՒԵՖԱ-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել»: Հայրապետյանը բացառել է կոռուպցիայի գործոնը` ասելով, որ Պլատինին «այն մարդը չէ, որ իրեն թույլ տա նման արարք կատարել»: Իսկ հայ երկրպագուներն իրենց զայրույթն արտահայտելու տարբեր միջոցներ են փնտրում: «Շպրտի´ր Էդուարդո Գոնսալեսին» առցանց խաղը բավական տարածված է դարձել ինտերնետից օգտվող հայերի շրջանում (խաղի համար սեղմե´ք այստեղ http://gonzalez.copypaste.am/):
Other Articles in Ֆուտբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.