Ֆուտբոլային հույսեր. թեժ մրցաշրջանից հետո Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը վստահ է թիմի ապագայի հարցում

Ֆուտբոլային հույսեր. թեժ մրցաշրջանից հետո Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը վստահ է թիմի ապագայի հարցում

Ֆոտոլուր

Երեքշաբթի կայացած ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ամփոփել է «Եվրո-2012»-ի ընտրական փուլում հավաքականի մրցելույթները, որը գերազանցեց բոլոր ակնկալիքները` ուժեղ մրցակիցներից կազմված իր խմբում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Մինասյանը նաև ասել է, որ թեև իր գլխավորած թիմը B խմբում ամենագեղեցիկ ֆուտբոլը ցուցադրեց, սակայն նաև շեշտել է, թե հավաքականը «դեռ ճանապարհի կեսին է» և «դեռ լրիվ չի կայացել»:

Մինասյանի խոսքով` Հայաստանի հավաքականին պակասում էր փորձը, մասնավորապես Իռլանդիայի հետ խաղում, որտեղ Հայաստանը 2:1 հաշվով պարտվեց Դուբլինում: Ցավալի պարտությունն ի չիք դարձրեց գալիք տարվա ամռանը Լեհաստանում և Ուկրաինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու Հայաստանի հույսերը:

Խմբային փուլում Հայաստանի ընտրանին հինգ հաղթանակ է տոնել, այդ թվում` երկու դիտարժան մրցելույթ Սլովակիայի հավաքականի դեմ (3:1 հաշվով հաղթել է Երևանում, 4:0 հաշվով` Ժիլինայում): Անցումային փուլ մտնելու համար Հայաստանին Դուբլինում անհրաժեշտ էր հաղթանակ, սակայն անաչառ մասնագետների խոսքով` 26-րդ րոպեին իսպանացի մրցավարի խիստ վիճահարույց որոշման պատճառով Հայաստանի հավաքականի փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկու խաղից հեռանալը ծանր հարված էր, որը ցավալի հետևանք ունեցավ Հայաստանի համար: Այդուհանդերձ, 2010 թ. սեպտեմբերից մինչև 2011 թ. հոկտեմբեր անցկացված մրցաշրջանում հավաքականի ձեռք բերած արդյունքը դրվատանքի արժանացավ և դիտվեց որպես հաջողության նշան մի հավաքականի համար, որը վերջին շրջանում առանձնապես աչքի չէր ընկնում հաղթանակներով:

Մինասյանն ասել է, որ վերակնքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ իր պայմանագիրը և կշարունակի գլխավորել հավաքականը:

«Հավաքականի գլխավոր մարզիչ լինելը մեծ պատիվ և պատասխանատվություն է ինձ համար»,- ասել է Մինասյանը:

Խոսելով հավաքականի հեռանկարների մասին` Մինասյանն ասել է, որ հավաքականի կորիզն արդեն ձևավորվել է, և խաղացողները որոշակի ձեռագիր են ձեռք բերել:

«Այսօր հավաքականն ունի իր դեմքը: Հիմնականում երիտասարդներից է կազմված կորիզը, նրանց հետ են նաև [դարպասապահ] Ռոման Բերեզովսկին և [պաշտպան] Սարգիս Հովսեփյանը: Այս թիմի պոտենցիալն ավելի մեծ է: Այս լավ արդյունքը լավ խաղի շնորհիվ է», - ասել է Մինասյանը, որը գլխավորում է նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Մինչ այս տարի թիմը, հանդես գալով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, մեկ տասնամյակ պահպանել է չեմպիոնի տիտղոսը:

«ԱրմենիաՆաուի» հարցին, թե արդյոք հավաքականում իր զբաղվածության պատճառո՞վ է, որ «Փյունիկն» այս տարի չի գլխավորում Հայաստանի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը, Մինասյանը պատասխանել է. «Մեր թիմի միջին տարիքը 17-18 տարեկան է: Ես շատ հանգիստ եմ վերաբերվում այս մրցաշրջանին: Սա կայացման տարի է: Երիտասարդներ են, և անկայունություն կա: Ես շատ գոհ եմ այս պահին նրանց ցուցադրած խաղով: Կարծում եմ` «Ուլիսն» այս տարի արժանի է չեմպիոն դառնալուն, քանի որ ավելի փորձառու է և կայուն խաղ է ցուցադրում»:

Հավաքականի գլխավոր մարզիչը նաև ասել է, թե իր տեսադաշտում կան ֆուտբոլիստներ` երիտասարդական և 19 տարեկանների հավաքականներում, որոնց ցանկանում է ներգրավել ազգային հավաքականում:

«Մեր ուշադրության կենտրոնում են նաև արտերկրում հանդես եկող մեր հայրենակիցները»,- ասել է Մինասյանը` նման ֆուտբոլիստների շարքում նշելով «Կռիլյա սովետով»-ում (Ռուսաստան) ելույթ ունեցող Ռոման Գրիգորյանի անունը:

2014 թ. կայանալիք աշխարհի առաջնության որակավորման խաղերը կմեկնարկեն գալիք տարվա սեպտեմբերին: B խմբում Հայաստանի մրցակիցներն են Իտալիան, Դանիան, Չեխիան, Բուլղարիան և Մալթան:
ԱրմենիաՆաուի էջերում