Հայաստանի ֆուտբոլի պաշտոնյաները որոշել են թույլ չտալ, որ գալիք մրցաշրջանում որևէ օտարերկրացի դարպասապահ հանդես գա ազգային առաջնությունում:
Ներկայումս Հայաստանի բարձրագույն խմբի որոշ հայկական ակումբներ, այդ թվում` գործող չեմպիոն «Ուլիսը», դարպասապահների ընտրության հարցում օգտվում են օտարերկրացիների ծառայություններից:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր մարմնի որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանում լավ դարպասապահների պակաս է զգացվում:
Բարձրակարգ դարպասապահների պակասն ամենայն հավանականությամբ գլխացավանք կդառնա Հայաստանի հավաքականի համար, որը լավ մրցելույթներ է ունենում և պատրաստվում է գալիք աշնանը մասնակցել 2014 թ. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլին:
Ռոման Բերեզովսկին, որը մյուս տարի կդառնա 38 տարեկան, հնարավոր է մեկ մրցաշրջան ևս իր ծառայությունները մատուցի ազգային ընտրանուն: Սակայն եթե նույնիսկ չթողնի կարիերան, Բերեզովսկին ստիպված է բաց թողնել Հայաստանի հաջորդ պաշտոնական հանդիպումը: Անցյալ ամիս Եվրոպայի ֆուտբոլի կառավարող մարմինը` ՈՒԵՖԱ-ն, հրաժարվեց չեղյալ հայտարարել Բերեզովսկու կարմիր քարտը: Հոկտեմբերի 7-ին Դուբլինում «Եվրո-2012»-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Հայաստան-Իռլանդիա խաղի ժամանակ տուգանային հրապարակից դուրս վիճահարույց ձեռքով խաղի համար դարպասապահին կարմիր էր ցույց տվել իսպանացի մրցավարը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը փորձեց հասնել նրան, որ չեղյալ հայտարարվեր որոշումը, քանի որ տեսագրությունում երևում էր, որ իռլանդացի խաղացողը ձեռքով էր խաղացել նախքան Հայաստանի հավաքականի դարպասապահն ուսով կասեցրեց գնդակը: Հետագայում լրատվամիջոցներին տված հարցազրույցում նույնիսկ Իռլանդիայի ընտրանու խաղացող Սայմն Քոքսն ընդունել էր իր խախտումը, սակայն արդյունքում Իռլանդիան անցավ փլեյ օֆ, իսկ Հայաստանի ընտրանու դարպասապահի կարմիր քարտը չեղյալ չհայտարարվեց:
Հայաստանի հավաքականի հաջորդ պաշտոնական հանդիպումը կհամընկնի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի 2014 թ. խաղարկման որակավորման փուլի մեկնարկի հետ, որում Հայաստանի մրցակիցներն են այնպիսի հայտնի եվրոպական թիմեր, ինչպիսիք են Իտալիան, Դանիան, Չեխիան, Բուլղարիան, ինչպես նաև Մալթան:
ՀՖՖ գործկոմը որոշել է նաև փոփոխել ՀՀ բարձրագույն խմբի առաջնության անցկացման կարգը` 2012-2013 թթ. անցկացնել անցումային առաջնություն, որը կմեկնարկի 2012 թ. մարտին և կավարտվի 2013 թ. մայիսին: Հաջորդ մրցաշրջանը կսկսվի 2013 թ. օգոստոսին և կավարտվի 2014 թ. մայիսին: Այս փոփոխությունը հավանաբար կօգնի նաև ազգային ընտրանուն և հայկական ակումբներին ավելի լավ մարզավիճակում հանդես գալ միջազգային մրցաշարերի վճռորոշ հանդիպումներում:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.